25 апр. 2013 г.

՛՛Արվեստների Պատկերասրահ՛՛ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՛՛Ազգային Պատկերասրահ՛՛Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնը

«Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական Իններորդ   Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին, ժ.19.00-ին (ապրիլի 28-մայիսի 21), Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Փառատոնը նվիրվում է ականավոր երաժիշտ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. Փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
«Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական Իններորդ   Փառատոնի  
հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ  և օտարազգի տաղանդաշատ  երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների  կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը: Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները  ներկայացնելու հետ մեկտեղ, այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնելու  Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, այնտեղ պահպանվող գուխգործոցներին:
«Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական Իններորդ Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Ջուլիետ Գալստյանը, մեցցո-սոպրանո /Շվեյցարիա/, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Հայկ Մելիքյանը, պատանի տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը /Ռուսաստան/, Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ Լարային Քառյակը, ֆլեյտահարուհի Սառա Ուռենան/Իսպանիա/, Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը/սոպրանո/, Արծվիկ Դեմուրչյանը/սոպրանո/, Դիանա Հարությունյանը /սոպրանո/, Պերճ Քարազյանը /տենոր/, Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
2008-ից Փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում:

Комментариев нет: