Հողի համը



ՀՈՂԻ ՀԱՄԸ


                                    (Իրական պատմություն)

 

Հողի համ ուներ, այդպես էլ պիտի լիներ՝ հողը պիտի հողի համ ունենար: Բայց սա ուրիշ էր. ազատագրված հող էր՝ արյունոտ, անուժ, մաշված ու ապականված, բայց ոգեկոչող ու մաքրագործման ուղին բռնած:
Միշտ ցանկացել էր իմանալ, թե հողն ինչ համ կունենար, այն հողը, որը կլանել էր մարդկային կյանքեր եւ թանկ էր մարդկային կյանքից…
Զինադադար էր: Արդեն մի քանի օր էր, ինչ ջոկատի զինվորները հաց չէին կերել, ծանր էին քայլում, թեեւ լռում էին.  ամոթ էր պատերազմի ժամանակ մտածել քաղցի մասին:
Մեկ ձոր էր բաժանում հայերին ու ադրբեջանցիներին, որը «Մահվան բուն» էին կոչում: Այնտեղ գերեզմանային լռությունը հաճախ խախտում էին մարդկային աղեկտուր ձայներ, եւ «Մահվան բուն»-ն ազդարարում էր անդառնալի կորստի մասին…
Արմենն անթիվ ու անհաշիվ անգամ հայհոյում էր ադրբեջանցիներին, գորովանքով նայում զինակից ընկերներին ու մտածում.«Մի՞թե ճակատագրի ծաղր է, որ անպարտելի զինվորները սովահար լինեն, թուլանան քաղցի պատճառով, գոնե մի կենդանի, շունչ-արարած լիներ»… 
Թփերից նայում էր փոքր-ինչ իրենից կուշտ, անտեր ու անպետք շունը: «Չէ, միայն ոչ սա»…
Երեկոյանում էր: Զինվորները հանգիստ էին երեւում, սովորականի պես կատակներ անում, բայց Արմենը լավ էր հասկանում, թե ինչքան սոված էին: Հարկավոր էր ինչ-որ բան մտածել, թե չէ ուժասպառությունը ճակատագրական կլիներ:
Արմենը ձեռքը տարավ լամպի ուղղությամբ, որ վառի, եւ մի հետաքրքիր միտք առկայծեց գլխում ավելի շուտ, մինչ պատրույգը կվառվեր: Հիշեց այն ադրբեջանցիներին, ովքեր խնդրել էին, որ սպանվածների դիակները ձորից տանեն: Ջոկատի հրամանատարից հանձնարարություն էին ստացել, որ թույլ տան, կարգն էր այդպես: Նրանցից երկուսն այնքան լավ հայերեն էին խոսում, որ Արմենը սովորականի նման չկարողացավ հայհոյել: Ծամածռված շրթունքերով միայն անիմաստ բառեր արտաբերեց: Հազիվ էր զսպում, որ տիրապետի ձեռքերին եւ չաքցանի թշնամու կոկորդը:
- Հե՜յ…
Ադրբեջանցիները իսկույն արձագանքեցին, նրանց մեջ էին այն երկուսը, որ հայերեն էին խոսում:
- Խաղ չկազմակերպե՞նք, ասենք՝ մրցույթ, ով պարտվի գառ ա տալիս:
Ջոկատի զինվորներն արդեն տեղյակ էին Արմենի մտահաղացման մասին, միայն փորձում էին զգուշություն պահպանել, որ թշնամին որեւէ խարդախ քայլ չձեռնարկի:
- Ի՞նչ խաղ:
- Կուտը կերան, տղերք, - Արմենը վերցրեց լամպը եւ կանգնեց ձորի բերանին, - լսեք, մենք այ էն քարի վրա դնում ենք էս լամպը, դուք էլ ձերը էդ քարերից մեկի վրա: Հերթով կրակում ենք, ով վրիպեց, պարտվում ա, ի՞նչ կասեք:
Մինչ Արմենի ասածներն ադրբեջանցիները կթարգմանեին ու կփորձեին համաձայնության գալ, հայ զինվորներն արդեն նախապատրաստվում էին խաղ-մրցույթին: Արմենը գիտեր, որ չեն մերժելու. նրանք հաղթանակի կարոտ էին` թեկուզ նման եղանակով: 
Ադրբեջանցիները համաձայնվեցին, նրանց լավագույն դիպուկահարները պատրաստվեցին, Արմենը քմծիծաղ տվեց.
- Հիմարներ, առը հա, թե կկպնեք, լավ նշան բռնեք, հա…
Հայ զինվորների տեղադրած երեք լամպերի ապակիներն էլ հանած էր: Դե թող իրենց կարճ խելքով կռահեին, թե չէ հիմար-հիմար նայում էին լույս արձակող պատրույգին, որը հանգիստ այրվում էր, բարեբախտաբար քամի էլ չկար…
Ադրբեջանցիների տարակուսանքն ու զայրույթը զվարճացնում էր Արմենին:
- Էլի, էլի փորձեք, մի հատ էլ…
Հայ նշանառուների կրակոցներից թշնամու լամպերը ջարդուփշուր էին լինում, հաղթանակն անխուսափելի էր...
Մեկ ժամ հետո հայկական ջոկատում տարածվեց գառան խաշլամայի բույրը, զինվորները կուշտ փորով լուսացրեցին: Գառը մի ամբողջ ջոկատ կերակրեց, Արմենը գոհ էր…
Մի-երկու օր էլ, որ դիմանային, թիկունքից սնունդ էին ստանալու, բայց միայն հաց ստացան…
- Դիմացեք, տղերք, հեսա միս ու հաց են ուղարկում:
Շանը գլխից կրակեց, մաշկեց, եփեց ու ինքն էլ կերավ մսից: Մտածեց. «Միեւնույն է, թե ինչ ենք ուտում, կարեւորը պինդ լինենք, կուշտ, պատերազմ է, պարտվել չենք կարող: Մեր ապրելու գինը հենց ապրելն է»…
Շան մսից հողի համ էր գալիս՝ դառը, արնախառն արցունքի, անհամ, չոր նշխարքի, ինչպես ազատագրված տարածքի հողի համը…

Комментариев нет: