Մայիսյան բզեզներ


  
ՄԱՅԻՍՅԱՆ ԲԶԵԶՆԵՐ

Նրանք հայտնվում են ճիշտ այն ժամանակ, երբ գյուղում համատարած սկսվում են պարտքեր վերցնելու ու ճամպրուկներ կազմելու ավանդույթը, իսկ հաջողության կենացներին հաջորդում են հրաժեշտի արցունքները: Կանայք համբերատար սկսում են մորթած հավերին փետրահան անելու արարողությունը, որոնք եփվելուց հետո պետք է տեղ զբաղեցնեն ճամպրուկներում: Տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու սեզոնն է, իսկ մայիսյան բզեզների՝ հայտնվելու:
- Ծիրանհասուկ, - լսվում է դպրոցից տուն վերադարձող երեխաներից մեկի ուրախ ճիչը: Փորձում է բռնել, բայց բզեզը գալիս ու ծանր ընկնում է երեխայի ոտքերի տակ: Ապա լսվում է ականջ ծակող դզզոց, հետո՝ ճրթճրթոց, որից ենթադրում եմ, թե երեխան ճխլել է բզեզին:  
Գյուղում սկսվում է կանանց իշխանությունը՝ տղամարդկանց կողմից տրված հատուկ իրավունքներով: Գյուղի կանայք ինչ տղամարդկային գործ կա, անում են՝ այգի են ջրում, տուն վերանորոգում, առևտուր անում, մեքենա վարում, թաղման արարողության մասնակցում, կովերին արոտի տանում, ալյուրի պարկ տեղափոխում, բերք տանում շուկա, անում ցանկացած դժվար աշխատանք, որ նույնիսկ գերազանցում են հայկական սերիալներում գյուղական կյանքի նկարագրության ամենաանհավանական տեսարաններին:
Տուն առ տուն հաշվում եմ, թե քանի տղամարդ են մեկնել արտագնա աշխատանքի և արդյունքից մնում եմ ապշած: Ընտանիք կա, որտեղից երեք տղամարդ են բացակայում:
Մայիսյան բզեզների հայտնվելուց ու տղամարդկանց ճանապարհելուց հետո իրենց վատ մասնագիտության լավ աշխատանքներն են ցույց տալիս գողերը: Հայտնվում են ճիշտ մայիսյան բզեզների պես՝ հանկարծակի և անհետանում են տան իրերի հետ՝ թողնելով միայն հնարամիտ կանանց հողում թաղած ոսկյա զարդերը: Գյուղի գողն ուրիշ է՝ հավ ու պահածո էլ է գողանում, այն էլ օրը ցերեկով: Բաց կողպեք, տրորված մայիսյան բզեզ և անհետացած իրեր: Էլի գողություն: Մտածում եմ, թե գողն ինչո՞ւ արտագնա աշխատանքի չի մեկնում: Ցանկանում եմ պարզել, թե նրանք ինչպես են իրենց հմտությունները փոխանցում ապագա «մասնագետներին», ովքեր, կատարելագործելով ու օգտագործելով աճպարարական ունակությունները, «աշխատանքային փորձ» են ձեռք բերում և զբաղեցնում ղեկավար պաշտոններ…
Մայիսյան բզեզ բռնած չկամ, վախենում եմ, բայց գող ուզում եմ բռնել:
Տղամարդկանց ուղարկած առաջին գումարը հողն է կլանում, ավելի ճիշտ՝ ջրի տեսքով: «Հողը խնամք է պահանջում կնոջ պես՝ միշտ ու շատ». – անդադար կրկնում էր մի այգեգործ, ով մշակում էր խաղողի այգիներ և ուներ երկու կին: Երկարատև անձրևներից ջրահեղձ եղած, քաղհանից կնճռոտված ու մոլախոտերից ժամանակավորապես ազատված հողը երկու օրում արևից այնպես է ճաքճքում, որ տեղ-տեղ բացված հողային երախներից քիչ է մնում ջուր անող կնոջն էլ կուլ տա…
Ծաղիկները ջրելուց սատկած մայիսյան բզեզ եմ գտնում. ուրեմն նրանց անհետանալու ժամանակն է: Նրանք ասես ամենուր են: Եթե չեմ լսում մոծակների բարալիկ տզզոցը, ապա բզեզների խլացնող դզզոցը վախեցնում է ինձ, ասես ինչ-որ տեղ շարժիչ է միացված, որը հանձնված է քամու հայեցողությանը:
Երեկոյանում է: Տան հետնամասում, հողամասի մոտ ստվերներ եմ նկատում, և անմիջապես գող բռնելու ցանկությունս արթնանում է: Թաքուն մոտենում եմ: Ա՜յ քեզ բան, սիրահար զույգ է, ի՞նչ անեմ: Ոչ կարող եմ շարժվել, ոչ էլ կարող եմ տեղումս երկար մխվել: Ինձ գող եմ զգում՝ բառերի գող:
- Պապաս, որ գա, աշնանը կնշանվենք, - շշնջում է տղան, իսկ աղջիկը հավանաբար այո է ասում, բայց այնքան կամացուկ, որ նույնիսկ ինքն իր ձայնը չի լսում: Աշնանը ես լավագույն դեպքում հայրիկիցս ակնկալում եմ մոսկովյան շոկոլադ: Աղջիկը բղավում է. մայիսյան բզեզ է խճճվել մազերի մեջ, ու ստիպում է սիրահարներին մատնել իրենց: Փախչում եմ ու դիրքավորվում տան դիմացի ծառի տակ: Ինձ ձայն են տալիս, տուն կանչում: Դե եկ ու բացատրիր, որ գողերին եմ սպասում: Կգան թալանելու, ես էլ կբռնեմ: Ասում են՝ ամեն օր մեկի տունն են մտնում ու կողոպտում եղած-չեղածը: Սովորաբար մտնում են արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց տները: Գյուղի գրեթե բոլոր տներն էլ դատարկ են, մարդիկ դաշտերում են լինում, անհնար է կռահել, թե հաջորդն ում տունն են թալանելու: Մի գայթակղիչ կողպեք եմ գնել ու ձևական ամրացրել դարպասին, բայց գող չկա, միայն մայիսյան բզեզներն են տուն մտնում ու սրտաճաք անում տնեցիներին:
Երեխայի բարձր ձայն եմ լսում. հոր հետ է խոսում. «Պապ, հեռախոս կառնես, մի հատ...», - չեմ ցանկանում լսել երեխայի կազմած ցուցակում տեղ գտած իրերի ընթերցումը և ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ եմ ատում մայիսյան բզեզներին…

Комментариев нет: