25 апр. 2013 г.

ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտնի և հաջողակ մարդկանց կյանքի մասին զարմանալի պատմությունները, օգտակար խորհուրդներն ու հաջողության հասնելու ոգեշնչող միջոցները ոչ միայն հետաքրքիր են, այլև սովորելու, խորհելու, մոտիվացվելու հնարավորություններ են տալիս: Հաճույքով ենք կարդում նրանց խորհուրդները, փորձում կիրառել մեր կյանքում, բայց բոլորովին էլ չենք ստանում այն արդյունքը, որն ակնկալում էինք:
Օրինակ՝ ամերիկացի միլիարդատեր, հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթն ասել է. «Մենք չգիտենք, թե ինչպես լուծել բիզնեսի բարդ խնդիրները: Այն, ինչ կարողանում ենք, խնդիրներից փախչելն է»:
Իհարկե, նույն կերպ վարվելով՝ խնդիրներից փախչելով, մենք չենք կարող նրա նման հաջողության հասնել: Սթիվ Ջոբսի խոսքերով. «Հարստանալ կարող է այն մարդը, ով տաղանդ ունի և անընդհատ չի մտածում փողի մասին…»: Արդյո՞ք հնարավոր է, միգուցե, չէ՞, որ ասել է "Apple'' ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Ըստ Բիլ Գեյթսի՝ «Վախեցեք պարտվելուց: Ձեր արարքների ճշմարտության վրա կասկածեք, մինչ դրանք կատարելը, իսկ հետո եզրակացություն արեք»: Հաջողակ մարդկանցից շատերն էլ նշում են, որ պետք չէ վախենալ պարտվելուց, քանի որ հարկավոր է սեփական սխալների վրա սովորել: Հիմա վախենա՞լ սխալվելուց, թե՞ համարել, որ դա ևս մեկ փորձ էր՝ հաջողության հասնելու համար: Փորձում ենք հետևել նրանց օրինակներին, որ հաջողությունը մեզ էլ ժպտա, չէ՞ որ բոլորս էլ ցանկանում ենք իրականացնել մեր նպատակները, թեկուզ չլինել այդչափ միլիոնատեր կամ հայտնի, սակայն…
Ի՞նչ անել, եթե հետևում ենք ճանաչված մարդկանց խորհուրդներին, իսկ մեզ մոտ ոչինչ չի ստացվում: Կա մի պարզ միջոց՝ անել հակառակը կամ օգտագործել այընտրանքային տարբերակներ: Փորձենք մի պարզ վարժություն կատարել. սենյակի մի ծայրում տեղադրում եք աթոռ, և ունեք մեկ խնդիր՝ մոտենալ աթոռին ոչ սովորական ձևով: Տեսեք, թե որքան հետաքրքիր տարբերակներ կկարողանաք գտնել: Կարելի է աթոռին մոտենալ հետ-հետ թռչկոտելով, շրջանաձև պտույտներով, պառկած, մեկ ոտքով, եթե մեծ երևակայություն ունեք՝ անգամ թռչելով: Սա գուցե ծիծաղելի թվա, բայց նման վարժությունից հետո հաստատ կկարողանաք ինչ-որ բան փոխել: Իսկ ինչո՞ւ չեք կարող այդպես փորձել իրականում: Կտեսնեք, որ նպատակին հասնելու համար ինչպիսի միջոցներ էլ կան, դրանց մասին չէիք էլ կարդացել, ոչ-ոք չէր նշել կամ խորհուրդ տվել: Ձեզանից է կախված՝ շրջանցե՞լ, թե՞ հաղթահարել խոչընդոտները: Ամեն դեպքում՝ «բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»:
Մի հետաքրքիր պատմություն կա, երբ մարդասպանին և հաջողակ գործարարին նույն հարց են տալիս, թե ինչպե՞ս է իրենց կյանքն այդպես դասավորվել, մարդասպանը պատասխանում է. «Ծանր պայմաններում եմ մեծացել, հայրս հարբեցող էր, մայրս՝ անառակ: Այդպես էլ պիտի լիներ»: Երբ նույն հարցը գործարարին են տալիս, նա ևս ասում է, որ ծանր պայմաններում է մեծացել, հայրը հարբեցող է եղել, մայրը՝ մարմնավաճառ: Կարծում է, որ այդպես էլ պիտի լիներ
Եթե մարդասպան կամ հարուստ գործարար դառնալու համար երկու տարբեր մարդիկ միևնույնն պայմաններն են ունեցել, ապա արդյունքը ստացվել է բոլորովին այլ: Այս դեպքում, չկարողանալով զերծ մնալ խորհուրդ տալուց, ասեմ՝ իրականացրեք միայն լավ նպատակները…

Комментариев нет: