Վաճառականի հոգեբանություն


ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Վարսիկը, վաճառասեղանի հետեւում կանգնած, անհամբերությամբ սպասում էր հաճախորդների: Առավոտից ոչինչ չէին գնել, չնայած ձեռքի հետ լոլիկ ու վարունգ ծախել էր: Դուբայից բերած ապրանքը զարմանալիորեն չէր ուզում վաճառվել: Վարսիկը փորձեց հիշել, թե ում երեսն էր տեսել: Ինչ-որ բան այնպես չէր արել, թե չէ այդպիսի անհաջող օր չէր ունենա: Գոնե լոլիկից օգուտ մնար, քանի որ տեղի վարձի օրն էր մոտենում:
Երեկոյան դժգոհ Վարսիկը առանց մի խոսք ասելու տուն մտավ: Գումարը չհաշվեց. գիշերով փող հաշվելը համարում էր վատ նախանշան: Մի 5000-անոց խոթեց սեղանի սփռոցի տակ, որ <<եղբայրակիցներին>> ձգի իր մոտ: Վզնոցը, որը պատրաստված էր ծակած կոպեկներից ու միմյանց ամրացված հուլունքներով, չհանեց՝ թող այս գիշեր վզին մնա: Հանկարծ մի բան հիշեց՝ ախր այսօր լիալուսին է: Դուրս եկավ բակ եւ սկսեց եղունգները կտրել: Լսել էր, որ այդ արարողությունը դրամական հաջողություն է բերում, մանավանդ եթե երեքշաբթի կամ ուրբաթ օր լինի: Մտածեց, որ վաղը Հայկուհուց հենց այնպես պարտք կվերցնի ու կվերադարձնի նվազող լուսնին՝ մանրադրամներով: Երբ աղջիկը սեղանը ձեռքով սրբեց, Վարսիկը միանգամից պայթեց.
- Քեզ չե՞մ ասել, որ շորով սրբես, գիշերով մաքրություն անե՞լն էր միտդ եկել, ամբողջ ցերեկն ի՞նչ ես անում, լաթն էլ պատուհանից ես գցել, հա՞…
Չսպասելով պատասխանի՝ նեղսրտած կինը կրկին բակ դուրս եկավ ու դողդողացող ձեռքերով ծոցից հանեց լաթե տոպրակով փաթաթված հոգապահուստը եւ, մոտեցնելով շուրթերին, երեք անգամ շշնջաց. <<Ինչպես երկնքի աստղերը չես հաշվի, ինչպես օվկիանոսի ջուրը բավարար է, ինչպես ավազն է անհամար, անթիվ անհամար…>>:
Դուռը ծեծեցին՝ հարեւանն էր: Վարսիկը խալաթը հագավ ու ննջասենյակից ծիկրակեց: Աղջկանից ինչ-որ բան էր ուզում, գիտեր, որ նա գիշերով ոչինչ չի տա, ռիսկ չի անի: <<Էս հիմարն էլ չի՞ կարող առավոտյան գալ, անպայման ուզում է, որ իմ խսմաթը տանի, ես քո մարդ ասողին, բա դու հարեւա՞ն ես: Երեկ էլ հարցնում էր, թե ավելն ինչի՞ եմ թարս դնում, ասա քեզ ինչ, ես եկե՞լ եմ քո տուն ու ստուգումներ անցկացրել, - ցածրաձայն բողոքում էր կինը>>:
Վաղ առավոտյան Վարսիկն արդեն տեղում էր ու սրտի թրթիռով սպասում գնորդներին: Մի կին եկավ ու սպիտակեղենի գինը հարցրեց: Վաճառողուհին բարձր գին ասեց՝ համոզված լինելով, որ կթողնի ու կգնա: Փորձված մեթոդ է՝ չի կարելի առաջին իրը կնոջը վաճառել, թե չէ այնքան էլ հաջող առեւտուր չի լինի: Հաջորդը տղամարդ էր. նասկի առավ: Վարսիկը ձախ ձեռքով վերցրեց գումարը եւ մանրը վերադարձրեց աջով: Թեթեւացած շունչ քաշեց. <<Հիմա լոլիկ էլ կտամ, հաստատ ձեզ պետք կլինի, լավ էլ գին եմ ասում>>: Տղամարդը չառարկեց, բայց զարմացավ, որ հագուստեղենի հետ ինչպես է վարունգ ու լոլիկ վաճառում: Վարսիկը բացատրեց, որ գյուղի բարեկամն է իրեն խնդրել, դեռ ձու էլ է բերում, պարզապես հիմա վերջացել է: <<Իսկ տնական ձու չե՞ս ուզի, վաղն անպայման կլինի, եթե հավ էլ պետք լինի, միայն ասա, այդպիսի չաղլիկ, լավ պահած տնական հավ այսօր դժվար գտնես: Էդ թռչնի գրիպի պատճառով շատերը վախից մորթել են, հիմա ճուտ էլ չկա>>:
Վարսիկը սովածացավ: Ընդմիջման ժամանակ ամուսինը միտն ընկավ. <<Տեսնես չի՞ կարող դոլարի փոխարեն ուրիշ բան ուղարկել, ասենք՝ եվրո, թե չէ մանրեմ տակը բան չի մնա: Հազար անգամ ասել եմ` էն սովորությանդ վերջ տուր, սեղանին փող մի դիր, անիմաստ ծախսվում է, աղջիկն էլ իրեն է քաշել՝ աղբը գիշերն է դուրս թափում, սարդերին սատկացնում՝ իբր վախենում է: Էս տան խսմաթը ես եմ…>>:
Աղջիկը պաղպաղակ ուտելով գալիս էր: Վարսիկը պետք է հեռախոսի ու էլեկտրաէներգիայի մուծումներն աներ, աղջկան չէր վստահում. ավելի լավ կլիներ վաճառասեղանին հետեւեր, մինչեւ գնար ու գար:
Ճանապարհին նա 500 դրամանոց մետաղադրամ գտավ: Վերցրեց ու ամուր պահեց ձախ ձեռքում` քթի տակ ինչ-որ բառեր շշնջալով: Հետեւից մեկը շնչակտուր մոտեցավ՝ Հայկուհին էր:
- Վարսիկ, սպասիր, ես էլ եմ գալիս, մուծումների ես գնում, չէ՞:
- Հա, էս ու՞ր ես կորել, չես երեւում:
- Մարդս վաղը թռնում է Մոսկվա, բան-ման էի դասավորում:
- Լսի, մոտս մեծ փող է, պարտքով կտա՞ս, մինչեւ մանրեմ: Համ էլ մահանա կլինի ու ձեր տուն կգամ: Մոռացա ասեմ՝ մարդուդ գործերին հաջողություն:
- Ապրես Վարսիկ ջան, փոխ լինի ձեզ, մարդուցդ ի՞նչ կա:
- Դե աշխատում է, էլի, չգիտե՞ս հիմիկվա դոլարը ջրի գին է դառել:
- Ոչինչ, կարեւորն առողջ լինի, կամաց-կամաց ամեն ինչ կլինի: Հիշու՞մ ես, որ երկու տարի առաջ պարտքերի մեջ թաղված էինք, հիմա, փառք աստծո, յոլա ենք գնում:
- Հայկուհի, դու էլ հիշելու բան ես գտել, հա, քանի հիշում եմ՝ մի քիչ փող տուր, որ իմը չմանրեմ, թե չէ գիտես, հենց մանրում ես, ամբողջը ծախսվում է:
- 5000-ը հերի՞ք է, ուզում եմ մի քիչ մանր-մունր բաներ առնել աղջկաս համար: Ասում ես Դուբայից նոր ապրա՞նք են բերել, տուն գնալուց մոտովդ կանցնեմ:
Վաճառասեղանի մոտ կանգնած աղջիկը գոհ ժպտում էր: Վարսիկը մի քիչ փող տվեց, որ կինո գնա:
- Բալես, շատ չուշանաս: Եթե հորքուրդ զանգի, կասես անպայման հավ ու ձու ուղարկի, հետո էլ կհարցնես՝ գիլասը չի՞ հասել:

Комментариев нет: