Ընտանիք


ԸՆՏԱՆԻՔ

Կեսօրին գյուղում ոչ ոք չէր երեւում, միայն դաշտի աշխատավորներն էին տուն վերադառնում` բահ ու մանգաղ ուսերին, իսկ կանայք էլ` մեծ կապոցներով կամ գոգնոցներով, որի մեջ բանջար էին հավաքել: Ռուբենը սովորականի պես դրսում լվացվեց, սկսեց գերանդին ծեծել. սիրում էր նախապես ամեն ինչ պատրաստել: Հանկարծ հիշեց, որ կինը իր հետեւից էր գալիս ու շատ ուշացավ: Ահա գալիս է` գույնզգույն գլխաշորը ծածանելով, ասես դրոշակակիր մունետիկ լինի: Տեսնես ով է պատերազմում հաղթել կամ ինչ լավ լուր է բերելու: Կինը հավաքած բանջարը լցրեց գետնին ու սկսեց մաքրել: Ռուբենը սինձ էր սիրում, բայց առանց եփելու: Նայեց կնոջ կապոցի մեջ ու չտեսավ:
- Էս ի՞նչ զիբիլ ես հավաքել, ում ես տալու ուտի, կովի՞ն:
- Սինձ չկար, Նվարդին ճամփին տեսա ու պայմանավորվեցի իրենց դաշտից հավաքել: Էս չարչալուկ է, պարոն ու սիբեխ:
Ռուբենը չպատասխանեց. գիտեր, որ եփելու են, տապակեն, ձու ջարդեն վրան եւ մոր ու աղջկա հետ ուտեն: «Խոտակերներ, – մտածեց նա, – հաստատ բանջարի մեծ մասը սովորական խոտ է, հիմա սիբեխ որտեղից, մենակ հավաքեն, մի օր էլ թունավորվելու են»:
Մայրը դուրս եկավ, եւ տարածվեց ճաշի բույրը:
- Ճաշը լցրել եմ, եկեք:
- Մամ, – գոռաց Ռուբենը, – կգայինք, նոր կլցնեիր, հիմա սառը լա՞փ ենք ուտելու:
Մայրը կուչ եկավ ու անաղմուկ լաց եղավ: Ռուբենի խիղճը տանջում էր, բայց ամեն պատեհ առիթով կծում էր մորը, նեղացնում: Թող այդքան չխեղճանար, պատասխաներ ու ծնողական պարտքը ստրկական սիրով չկատարեր, ավելի լավ կզգար: Չգիտեր` մորը սիրում էր, թե` ոչ, միշտ ձայնազուրկ էր տեսել, հլու, հոր ծանր ձեռքին հնազանդ: Անունը Թագուհի էր. տեսնես ինչ էին մտածել անունը դնելիս: Թագուհի ծնվում են, թագուհի անվանում, եթե անգամ կինն ուրիշ անուն է կրում: Կնոջն էլ չէր սիրում: Մի օր նկարը ցույց տվեցին, կրակն ընկավ, որ ասեց` հավանել եմ: Ճակատագրի խաղ. անունը Շողեր էր` առանց շողի` գորշ ու ծանրաքայլ: Գլխին կապեցին: Միակ աղջիկն էլ գեր էր, տգեղ, ասում են` նյութափոխանակությունն է խանգարված: Անունն էլ` Կարինե, ինքը չէր դրել, կինը մոր հետ էր որոշել: Կնոջը երբ էր կպել, չէր էլ հիշում, երեւի խմած էր եղել:
Ճաշը կերավ ու գնաց հանգստանալու: Բազմոցն այնպիսի հոգոցներ էր հանում, որ Ռուբենին մի պահ թվաց, թե ինքն է: Կամ գիրացել է, կամ էլ բազմոցն է իր դարն ապրել, ծերացել: Նաեւ շշուկներ էր լսում, որը հաստատ բազմոցի ձայնը չէր: Ռուբենը պառկաց տեղից թեքվեց ու դռան ճեղքից նայեց: Հարեւանուհին ու իր կինն են փսփսում, հետո անցնում են իրենց մշտական գործին` խաղաթղթերով գուշակություն են անում: Գրեթե ամեն օր ականատես է լինում այդ սատանայական արարողությանը, ինչքան բշտում է նրանց, հարեւանուհուն ծաղրում, կնոջը վիրավորում, համառորեն շարունակում են իրենց անիմաստ զբաղմունքը: Ուշադրությունը լարում է, բայց ոչինչ չի լսում, շշուկով են խոսում: Ռուբենը վեր է կենում, հագնվում ու դուռը միանգամից բացում: Կինն ու հարեւանուհին հանկարծակի են գալիս, շփոթվում:
- Գայան, վհուկի գործիդ ես, – բառերը երկարացնելով ու հեգնական տոնով ասում է Ռուբենը, – հին մասնագիտությունից հետո սա երկրորդ տեղում է, մահվանից հետո պատժվելու ես, պատկերացնում եմ, թե ոնց են քարկոծելու կամ այրելու պղնձե կաթսայի մեջ:
Գայանը, զգալով, որ Ռուբենը կատաղած չի, նույնիսկ կատակում է, առաջարկում է «նայել» ու ինքն իրեն հակասում.
- Արի քեզ էլ նայեմ, հետո կասես` ճիշտ է, թե` չէ: Զբաղվում ենք, ինչ գուշակություն, ինչ բան:
Կինը լուռ է, վախենում է որեւէ բան ասել, որ ամուսինը չկառչի խոսքերից ու չբարկանա: Ռուբենը նստում է աթոռին ու հարցական նայում:
- Ձախ ձեռքով կիսի, չէ, ցուցամատով ու դեպի քեզ:
Ռուբենը ենթարկվում է:
- Սա դու ես, – սրտի կարոլն առանձնացնելով` ցույց է տալիս հարեւանուհին: Հետո շրջում է կողքի խաղաթղթերը, – ըհը, սա էլ ղառի յոթը, որը վիճաբանություն է կանխատեսում, – բացատրում է Գայանը, – խաչի տուզն էլ սուտ լուր է նշանակում: Այսինքն` սուտ լուրի պատճառով կռիվ ես անելու:
Գայանը սրտի կարոլը դնում է մեջտեղում, վեց-վեց բաժանում խաղաթղթերը, ապա ձեռքով նշան անում Ռուբենին, թե մեկը վերցրու: Բացվում է սրտի դաման, այսինքն` կինը:
- Նայիր, Ռուբո, էս սեւ վալետն անհաջող տղա է, սրտի ութը` ուրախության սեղան, քյափի իննը նպատակների արգելք է, սրտի վեցը կտրում է ամեն ինչ, լավ ճանապարհ բացում: Օյ, ղառի տուզը մահ է, կարողա՞ Հակոբենց Քաջիկը մեռնի:
Ռուբենը էլ չի լսում, դեմքի հիմար ժպիտով գլխով է անում ու փորձում բարեհամբույր լինել, որ հաճախ էր մայրը խնդրում. «Ռուբիկ ջան, մի քիչ զսպի քեզ, կնեղանան, ամոթ է»: Գյուղում իրեն Սարսափ Ռուբո էին ասում, որ կատաղում էր, արնակալած աչքերով այնպիսի սահմռկեցուցիչ հայացք էր նետում մարդկանց վրա, որ տեղում քարանում էին: Ռուբենի բարկության պատճառը բոլորի համար անհասկանալի էր, չնայած ինքն էլ հաճախ զարմանում էր պահվածքի վրա:
- Ռուբիկ, – միայն մայրն էր այդ «իկ»-ը «Ռուբ»-ի պոչից կպցնում, – Նշանից ջուր ուզե՞լ ես, այգին ջրելու ժամանա՞կը չի:
«Էլի սկսեց, ասա քո ինչ գործ, հանգիստ տեղդ նստի, տեսնում ես խոտ եմ քաղում, պիտի վերջացնեմ, որ նոր ջրեմ: Էդ անտեր խոտն էլ ընենց բոյ ա քշել, որ գերանդիով եմ քաղում, լավ կլիներ բահով փորեի, ինչպես հարեւան Հարութ պապը խորհուրդ տվեց` փորած այգին լավ բերք ա տալիս, խոտն էլ քիչ ա լինում: Հարկավոր է դաշտից խոտ բերել կովի համար, եթե Վաղոն էլ իր այգու խոտը տա, ահագին ժամանակ կհերիքի: Չէ, ավելի լավ է չպատասխանեմ»:
Աղջիկը հեռախոսով է խոսում. գիտի, որ քիչ հետո ասելու է` «Պապ, կարո՞ղ եմ գնալ Հասոյենց տուն»: Խաղաթղթով գուշակելու կարիք չկա. «Պապ կարո՞ղ եմ… , – մինչեւ վերջ չի լսում Ռուբենը, – հա, գնա»:
Բազմոցին պառկած` Ռուբենը երկար նայում է գլխավերեւում փակցված հոր նկարին` ռունգերում զգալով տարածված սոխի հոտը: Մայրը ճաշ է եփում. նրա ամենահաջող պարտականությունն է, երբ կինն է պատրաստում, չի ուտում:«Տեսնես ինչ է կարողանում կարգին անել, եթե սովետի ժամանակները լինեին, գուցե լավագույն կովկիթ կհռչակվեր»:
Ռուբենն աչքերը փակել է, բայց զգում է կնոջ հլու, ստրկային կեցվածքը, խաչվող ձեռքերը, անաղմուկ հառաչը: Ծածկոց է բերել, որ գցի վրան:
«Ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ ուսումը կիսատ թողեց ու ամուսնացավ, ե՞րբ մանգաղն ու բահը ձեռքն առավ, աղջիկ ինչո՞ւ ունեցավ». պատասխան չունեցող հարցերը տանջում էին նրան: Հայրը շուտ մահացավ, ու ստիպված նրա տեղը զբաղեցրեց: Երբեք կովին ձեռք չէր տվել, զզվում էր հոտից, կնոջ խալաթից, բայց մածունն ու պանիրը հաճույքով էր ուտում: Հոր թզբեխը կախված էր պատից, նկարի տակ, որի իմաստը չէր հասկանում, հիշատակի նման բան չէր էլ կարող լինել: 20 տարի է անցել, ու այդքան ժամանակ տունը վերանորոգված չէ: Պատերի ծեփերը խոնավությունից թափվել են, կտուրի թիթեղները ջարդվել, դարպասը ճռռում է, բազմոցը խունացել, տձեւացել, իսկ հեռուստացույցը ստիպված գնեց, միակ իրը, որն իրեն չէր նյարդայնացնում: «Վերջապես ի՞նչ է իմ ուզածը, ասենք թե ուզեցի, ո՞նց եմ ստանալու»: Շուշաբանդ կոչվող պահարանի ներքեւի անկյունում կնոջ նկարն է, այն նկարը, որն իրեն ցույց տվեցին, եւ քեռիները գործի անցան: Դհոլ-զուռնան ազդարարեցին հարսանեկան արարողությունը, եւ ամեն ինչ մի օր հետո ավարտվեց:
Գարուն է: Այս տարի այգին լավ բերք չի տա, ծառերը չորանում են: Խնձորները լավն են, գալիս ու տանում են հենց այգուց` արկղերով: Ինքը, կինը, աղջիկը քաղում են, մայրը ճաշ եփում` սոխը մսից ու կարտոֆիլից շատ: Մի օր խեղճ մայրը քիչ մնաց ուշաթափվեր, երբ ճաշը լցնելուց մեջը խնձորներ տեսավ: Ռուբենը լիաթոք ծիծաղեց եւ ախորժակով կերավ: Սարսափ Ռուբոն էր գցել, ով կհամարձակվեր կամ այդքան երեւակայություն կունենար: Կզարմանար, եթե կնոջն, ասենք, երգելուց տեսներ, ավելի հեշտ կլիներ լուսնի վրա նրա գույնզգույն դրոշակ-քողը տեղադրելը: Ընտանիքի անդամներն անհետաքրքիր մարդիկ են` իրենց բան ու գործին, գլուխները կախ եւ ամուսնական, ծնողական պարտականությունները վզներին փաթաթած: Աղջիկն էլ հենց նրանց նման պետք է լիներ` գորշ, միօրինակ ու դանդալոշ: Երեխա ժամանակ էլ էր էդպիսինը. չէր լացում, ոնց որ դեբիլ լիներ: Իր նման մի կատու է ճարել, որը մի գլուխ լայնանում է, մազ թողնում: Ինչու է այդքան մազոտ, գեր, կովային հայացքով: Ախր ինչու չի սիրում աղջկան, այդքան վատ մարդ է, չէ, հոր դերը հաստատ իր համար չի: Եթե սիրեր, կտաներ բուժելու, նույնիսկ մոր պրոտեզի հարցը չի լուծել, խեղճն ատամ չունի, հաց ծամելուց կնճիռներից արցունք է հոսում: Եթե տղա էլ ունենար, սա էլ հավանաբար աութիզմով կտառապեր, եւ բանակ տանելու հարց էլ չէր առաջանա: Կամ թուլամորթ կլիներ` «Ղզիկ» Էդո, «Քուրիկ» Սաքո, թե՞ «Սարսափ» Ռուբին կքաշեր
Եթե վաղն ամբողջ խոտը քաղի ու դուրս հանի, երեկոյան էլ կկարողանա այգին ջրել: Նշանին պիտի շուտ ասի, որ ջուր տա: Երվանդը` հարեւանը խնդրել է իրեն օգնել, որ գոմի կտուրը սվաղեն, կաթում է: Եթե վաղն անձրեւ գա, ամեն ինչ գրողի ծոցը կգնա: Երվանդին անպայման կօգնի մի-երկու օրից, խոսք է տվել:
Դուռը ծեծեցին: Ռուբենը լսեց Երվանդի ձայնը եւ սկսեց գուշակել, թե ով մահացած կլինի: Հիշեց Գայանին ու ղառի տուզը: Կինն անաղմուկ ներս մտավ եւ նայեց ամուսնուն:
- Ո՞վ է մահացել:
- Ի՞նչ, – կինը զարմացավ, – Երվանդին աղջիկը կանչել է Մոսկվա, աշխատանք է ճարել:
Ռուբենը միանգամից վեր թռավ ու կիսահագնված սուրաց միջանցք:
- Ռուբ, քնած չէի՞ր ախպերս, թռնում եմ Մոսկվա` շինարարության վրա աշխատելու: Սկի գոմիս կտուրը չսարքեցի: Պիտի շուտ գնամ, որ ուրիշ աշխատող չբռնեն: Ձեր Սադախլոյի մեծ սունկեն եմ ուզում, եթե ձեզ պետք չի:
Ռուբենը քարացել էր: Միակ հարեւանն էր, որի հետ մտերիմ էր: Անգամ չսեղմեց Երվանդի ձեռքը եւ ընդդիմացումից դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ կինը պայուսակը բերեց:
- Իսկ մնալու տեղ կա՞, թե՞ աղջկադ հետ ես ապրելու:
- Չէ, տուն եմ վարձելու, լավ փող են տալու, բրիգադիրը հենց փեսաս է:
- Երվանդ, իսկ ում ես հետդ տանելու, օգնական պետք չի՞:
- Չէ, հետո հնարավորա Վաղոյին կանչեմ, չնայած կարողա չդիմանա, շատ ծանր գործ ա:
Երվանդը դուռը բացեց, որ գնա: Հազիվ էր մի քանի քայլ արել, երբ Ռուբենը գոռաց.
- Սպասիր, ես էլ եմ գալիս, ոնց էլ լինի, մի գործ էլ իմ համար կճարվի:
Ճանկեց աշխատանքային շինելը, ապա վազեց սենյակ, պահարանից հանեց անձնագիրը, ջրի փողը, չստերի հետ լցրեց մի տոպրակի մեջ եւ, կոշիկները ճանապարհին հագնելով, դուրս թռավ փողոց: Շողերն ու մայրը ոչինչ չասեցին: Ռուբենը հեծկլտոց լսեց ու հետ չնայեց

Комментариев нет: