5 мар. 2012 г.

ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆԻ ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Հրաչյա Ամիրյանի <<ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ>> հոգեբանափիլիսոփայական առակների ժողովածուներն այնքան արագ տարածվեցին ու դարձան մեր սեղանի զարդը, որ նույնիսկ նրանք, ովքեր կարդալ չէին սիրում, չկարողացան անտարբեր մնալ այդ գանձերի նկատմամբ: Ժողովածուներում ընդգրկված են տարբեր դարաշրջաններում և մշակույթներում ստեղծված բազմազան թեմատիկայով առակներ և ուսանելի պատմություններ, որոնք հայերենով լույս են տեսել առաջին անգամ: Ժողովածուները նախատեսված են ինչպես ընթերցողների լայն շրջանի, այնպես էլ մասնագետների համար: Ուզում եմ շարունակաբար ներկայացնել հեղինակի այդ և մյուս ժողովածուներից հետաքրքիր պատմություններ.  


“Եթե ձեզ երբևէ վիճակվել է թռչել, ապա դրանից հետո դուք երկրի վրա քայլելու եք՝ ձեր աչքերը երկնքին հառած։ Որովհետև դուք եղել եք այնտեղ և դուք մշտապես ձգտելու եք այնտեղ”։
Դա Վինչի Լեոնարդո

 Հայերեն լեզվով մասնագիտական առաջին և միակ ձեռնարկն է ոլորտի վերաբերյալ:
Նկարագրված են հիմնական համակարգակազմիչ հասկացությունները և կատեգորիաները, հիմնական մոտեցումները թերապիային, աշխատանքի փուլերը, թերապևտիկ միջամտության արդյունավետության նախապայմանները, վերլուծված է հոգեբանի անձը` որպես նրա աշխատանքի գործիք, վեր են հանված օգնող հարաբերությունների առօրյա դրսևորումների և մասնագիտական օգնության տարբերությունները, վերլուծված է այցելու անձը, նրա մոտիվացիոն կողմնորոշումները, կոնսուլտացիաներում առավել հաճախ հանդիպող հոգեբանական սինդրոմները: Նկարագրված են կոնսուլտացիաներում առավել հաճախ հանդիպող պրոբլեմները, ինչպես նաև թերապևտիկ աշխատանքի առավել կարևոր, բազային տեխնիկաները և այլն:

ԻՎԱՆՆ ՈՒ ՖՅՈԴՈՐԸ
(ծագումն անհայտ է)

Ճանապարհով երկու մարդ էին գնում՝ Իվանն ու Ֆյոդորը։ Նրանք հարևան գյուղերից էին։ Երբ կանգ առան հանգստանալու, ոսկու երկու ձուլակտոր գտան։ Իվանն իր ձուլակտորը մաս–մաս արեց ու բաժանեց իր գյուղի բոլոր բնակիչներին, որով փառք ու պատիվ վաստակեց։
Իսկ Ֆյոդորը վաճառեց իր ձուլակտորը, հող գնեց ու տուն կառուցեց։ Նա տնտեսություն ստեղծեց ու շուկայում վաճառում էր ավելցուկները։ Ոչ ոք նրան չէր փառաբանում։
Բայց, ահա, վրա հասավ սոսկալի սովը, և Իվանի գյուղն ամբողջությամբ բնաջնջվեց, որովհետև նրա ձուլակտորը վաղուց կերել էին։ Միայն լեգենդներ մնացին վեհանձն բնակչի մասին։
Իսկ Ֆյոդորն իր համագյուղացիներին ցորեն տվեց և պարտքով դրամ՝ տոկոսներով։ Նրանք գոյատևեցին, իսկ Ֆյոդորը հարստացավ։
Մինչև հիմա բազմաթիվ առակներ են պատմում Իվանի մասին, բայց ոչ ոք չի խոսում Ֆյոդորի մասին, թեև նա և՛ մարդկանց փրկեց, և՛ ինքը հարստացավ։

Այս ժողովածուն ամփոփում է աշխարհի ժողովուրդների ոչ ավանդական հեքիաթների և ուսանելի պատմությունների լավագույն նմուշներ։ Այս պատմություններում արքայադուստրերի, բարի ու չար կախարդների և հեքիաթային այլ կերպարների գրեթե չեք հանդիպի։ Մեծամասնությունը իրապատում հեքիաթներ են, որոնք կյանքին առավել մոտ են, արտացոլում են իրական հարաբերությունները, բարքերն ու խնդիրները։ Ժողովածուն ինչպես ճանաչողական - զարգացնող, այնպես էլ դաստիարակչական մեծ նշանակություն ունի։ Բոլոր հեքիաթները հայերեն լույս են տեսնում առաջին անգամ։ Զետեղված պատմությունները հետաքրքրությամբ կկարդան ոչ միայն տարբեր տարիքների երեխաները, այլև մեծահասակները։

ՎԵ՛Ր ԲԱՐՁՐԱՑԻՐ

Մի անգամ մի ֆերմերի էշը ջրհորն ընկավ։ Նա սարսափելի գոռոց արձակեց՝ օգնություն կանչելով։ Ֆերմերը վազելով մոտեցավ ու սրտնեղությունից ձեռքերն իրար զարկեց. “Հիմա սրան ինչպե՞ս դուրս հանի այդտեղից”։
Այդժամ իշուկի տերն սկսեց այսպես մտածել. “Իմ էշը ծեր է։Նրան արդեն քիչ է մնացել ապրելու։Իսկ ջրհորն արդեն գրեթե լրիվ չորացել է։ Ես վաղուց էի պատրաստվում հողով ծածկել այն ու նոր տեղում նոր ջրհոր փորել։ Ուրեմն ինչո՞ւ հիմա չանեմ դա։Միանգամից էշին էլ կթաղեմ, որպեսզի քայքայման նեխահոտը չտարածվի”։
Նա իր բոլոր հարևաններին կանչեց, որպեսզի վերջիններս օգնեն հողով փակել ջրհորը։ Բոլորը վերցրին բահերն ու եռանդով սկսեցին հող լցնել ջրհորի մեջ։ Էշն անմիջապես հասկացավ, թե ինչն ինչոց է և սարսափելի զռոց բարձրացրեց։ Եվ հանկարծ, համընդհանուր զարմանք հարուցելով, նա սսկվեց։ Մի քանի անգամ բահով հող նետելուց հետո ֆերմերը որոշեց նայել, թե ներքևում ինչ կա։
Նա ապշել էր այն բանից, ինչ տեսավ ներքևում։ Էշն իր մեջքին ընկնող ամեն մի հողակոշտ թափ տալով ցած էր գցում իր վրայից և ոտքերով կոխոտում էր։ Շատ շուտով, ի զարմանս բոլորի, էշը երևաց վերևում ու ցատկելով դուրս թռավ ջրհորից։
…Կյանքում ամեն տեսակ կեղտ կհանդիպի քեզ, և ամեն անգամ կյանքը նորանոր բաժիններ կուղարկի քեզ։ Ամեն անգամ, երբ հողակոշտ ընկնի քեզ վրա, թափ տուր վրայիցդ ու վեր բարձրացիր և միայն այդպես դու կկարողանաս ցանկացած ամենախոր ջրհորից դուրս գալ։ Ծագող ամեն մի պրոբլեմը մի քար է, որի վրա կանգնելով դու կանցնես առուն։
Թափ տուր քեզ ու վե’ր բարձրացիր։

Այստեղ ընդգրկված են տարբեր մշակույթներում ստեղծված ինտելեկտուալ հեքիաթներ, առակներ, լեգենդներ և պատմություններ: Բոլոր պատմությունները հայերեն լույս են տեսնում առաջին անգամ: Նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար:

ՀԱՅՑԸ...
(ծագումն անհայտ է)

Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը,
Եվ Աստված ինձ ասաց. “Ո՛չ”:
Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:
Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը,
Եվ Աստված ինձ ասաց. “Ո՛չ”:
Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միևնույնն է, մեռնելու է:
Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ,
Եվ Աստված ինձ ասաց. “Ո՛չ”:
Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:
Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգևել ինձ,
Եվ Աստված ինձ ասաց. “Ո՛չ”:
Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:
Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից,
Եվ Աստված ինձ ասաց. “Ո՛չ”:
Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից և մոտեցնում են իրեն:
Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի,
Եվ Աստված ինձ ասաց. “Ո՛չ”:
Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:
Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ,
Եվ Աստված ասաց. “Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել”:
Ես ուժեր խնդրեցի,
Եվ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:
Ես իմաստություն խնդրեցի,
Եվ Աստված ինձ ուղարկեց պրոբլեմներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:
Ես արիություն խնդրեցի,
Եվ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:
Ես սեր խնդրեցի,
Եվ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:
Ես բարիքներ խնդրեցի,
Եվ Աստված ինձ հնարավորություններ տվեց:
Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:
Ես ստացա ամենը, ինչ հարկավոր էր ինձ:

Զետեղված են աշխարհի ժողովուրդների ուսանելի հեքիաթներ, առակներ ու լեգենդներ, որոնք ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն ունեն։ Պատմություններից շատերը նաև ուղեկցվում են հարցերով և առաջադրանքներով, որոնք օգնում են ավելի լավ իմաստավորել և ըմբռնել տվյալ պատմության մեջ ամփոփված գիտելիքը, տվյալ թեման կապել հարակից թեմաների ու հարցերի հետ, նպատակաուղղված են երեխաների ինքնուրույն մտածողության խթանմանը, բարոյական հասունացմանը, նրանց անձի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը, տարեկիցների հետ համագործակցելու ունակությունների զարգացմանը։ Այս առումով ժողովածուն ավելի շուտ ձեռնարկ է ծնողների, մանկավարժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների համար։
Գիրքը կարող է օգտագործվել ինչպես տնային ընթերցանության, այնպես էլ դպրոցական երեխաների հետ խմբային պարապմունքներ անցացնելու համար։

ԱՆՆԿԱՏ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ծեր մի իմաստուն մի քանի աշակերտ ուներ։ Այդ աշակերտներից մեկին իմաստունը հատկապես առանձնացնում էր մնացածներից, գովում էր նրան և օրինակ էր բերում մնացածների առջև։ Մնացած աշակերտները մի օր հավաքվեցին և Ուսուցչին հարցրին, թե ինչու է նա այդպես գովում և բարձրացնում այդ աշակերտին իրենց առջև։ Ուսուցիչը խոստացավ, որ հաջորդ օրը նրանք իրենք կհասկանան դա։
 Հաջորդ առավոտյան ուսուցիչը աղավնիներով մի զամբյուղ բերեց իր հետ։ Աշակերտներից յուրաքանչյուրին մեկական աղավնի տալով, նա հրահանգեց, որ աշակերներից յուրաքանչյուրը սպանի իր աղվանուն, բայց պայմանով, որ դա ոչ ոք չտեսնի։ Աշակերտները ցրվեցին, որպեսզի կատարեն առաջադրանքը։
 Կեսօրին բոլոր աշակերտները, բացի այն մեկից՝ լավագույնից, վերադարձան և Ուսուցչին պատմեցին, թե ինչպես են գործը կատարել։ Նրանք բոլորը ծածուկ տեղեր էին գտել, որպեսզի ոչ ոք չտեսնի, և այնտեղ կյանքից զրկել էին իրենց թռչուններին։ 
 Լավագույն աշակերտը վերադարձավ միայն երեկոյան։ Նա կենդանի աղավնուն հետ էր բերել.
_ Ուսուցիչ,_ ասաց նա,_ ես չեմ կատարել քո հանձնարարությունը։
_ Ինչո՞ւ,_ հարցրեց Ուսուցիչը։
_ Որովհետև բոլոր ծածուկ և ամայի տեղերում, այնուամենայնիվ, մի մարդ մշտապես հետևում ու տեսնում էր, թե ինչ է կատարվում։
_ Եվ ո՞վ էր այդ մարդը,_ հարցրեց Ուսուցիչը։
_ Ես ինքս, Ուսուցիչ։
Եվ այդ ժամանակ մնացած աշակերտները հասկացան իրենց սխալը և ամաչեցին։     
Եթե դու ինչ-որ վատ կամ ամոթալի գործողություն ես պատրաստվում կատարել, ապա մի մխիթարվիր նրանով, որ դա ոչ ոք չի տեսնում։ Հիշիր, որ մեկ մարդ մշտապես ներկա է և ամեն ինչ տեսնում է։ Եվ այդ մարդը դու ես։
“Ամոթալի ոչինչ մի' արա ոչ մարդկանց ներկայությամբ, ոչ էլ ծածուկ։ Քո առաջին օրենքը պետք է լինի քո հարգանքը քո նկատմամբ”։ 
ԻՇՈՒԿԸ
(Արևելյան առակ)

Մի անգամ հայր ու որդի իրենց իշուկով միջօրեի շոգին ճամփորդում էին քաղաքի փոշոտ փողոցներով։ Հայրը նստած էր էշին, իսկ որդին սանձից բռնած գնում էր նրանց հետ։
— Խեղճ տղա,— ասաց անցորդներից մեկը,— նրա փոքրիկ ոտքերը հազիվ են հասնում էշի հետևից։ Դու ինչպե՞ս կարող ես ծույլ–ծույլ նստել էշի վրա, երբ տեսնում ես, որ տղան ուժասպառ է եղել։
Հայրը նրա խոսքերը սրտին մոտ ընդունեց։ Երբ անկյունում նրանք շրջվեցին, նա իջավ էշից ու տղային կարգադրեց հեծնել էշին։
Շատ շուտով նրանց մի ուրիշ մարդ հանդիպեց։ Նա բարձրաձայն ասաց.
— Ինչ ամոթ է։ Փոքրը սուլթանի պես նստել է էշին, իսկ նրա խեղճ ծեր հայրը վազում է ետևից։
Տղան շատ վշտացավ այդ խոսքերից ու հորը խնդրեց իր ետևում նստել էշին։
— Բարի մարդիկ, դուք երբևէ նման բան տեսե՞լ եք,—չադրայի տակից ձայնեց մի կին։— Այսպես տանջել կենդանուն։ Խեղճ էշի ողնաշարն արդեն դուրս է ընկել, իսկ մեծ ու փոքր անբանները նրա վրա նստած զրուցում են, ոնց որ բազմոցի վրա լինեն։ Օ՜, խեղճ կենդանի։
Ոչ մի բառ չասելով, ամոթահարված՝ հայր ու որդի իջան էշից։ Հազիվ էին նրանք մի քանի քայլ արել, երբ հանդիպած անցորդներից մեկը սկսեց ծիծաղել նրանց վրա.
— Էս ձեր էշն ինչո՞ւ ոչինչ չի անում, ոչ մի օգուտ չի տալիս ու նույնիսկ ձեզնից ոչ մեկին չի տանում։
Հայրը էշին մի լրիվ խուրձ դարման տվեց ու ձեռքը դրեց որդու ուսին։
— Ինչ էլ որ մենք անելու լինենք,— ասաց նա, անպայման կգտնվի մեկը, որը մեզ հետ համաձայն չի լինի։ Ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք է որոշենք, թե ինչպես ճանապարհորդենք։

ԴՐԱԽՏՆ ՈՒ ԴԺՈԽՔԸ

Մի անգամ ռաբբին Աստծու հետ զրուցում էր Դրախտի և Դժոխքի մասին:
— Ես քեզ ցույց կտամ Դժոխքը,— ասաց Աստված և ռաբիին տարավ մի սենյակ: Սենյակը լիքն էր հյուծված և հուսահատված մարդկանցով: Մարդիկ նստած էին մեծ, կլոր սեղանի շուրջը, իսկ սեղանի կենտրոնում ծխարձակող հսկայական կաթսա էր դրված: Կաթսայում այնքան շատ խաշած միս կար, որ լիուլի կբավականացներ բոլորին: Միսն այնպիսի հիասքանչ բուրմունք էր արձակում, որ ռաբբիի բերանը լցվեց թքով: Չնայած դրան՝ ոչ ոք մսին ձեռք չէր տալիս: Սեղանի շուրջ նստածներից յուրաքանչյուրը ձեռքին չափազանց երկար պոչով մի գդալ ուներ: Գդալի պոչը բավականաչափ երկար էր կաթսայից լիքը գդալ միս հանելու համար, բայց այն նաև չափազանց երկար էր միսը բերանը հասցնելու համար: Ռաբբին հասկացավ, որ այդ մարդկանց տառապանքներն իրոք որ սոսկալի էին և կարեկցաբար գլուխը հակեց ներքև:
— Իսկ հիմա ես քեզ ցույց կտամ Դրախտը,— ասաց Աստված, և նրանք մեկ ուրիշ սենյակ մտան: Սենյակը նախորդի ճիշտ պատճենն էր՝ նույն մեծ, կլոր սեղանը, մսով լի նույն հսկայական կաթսան, չափազանց երկար պոչերով նույն գդալները: Բայց այստեղ ուրախության մթնոլորտ էր տիրում. բոլորը կուշտ էին, կերած–խմած և կարմրաթուշ: Ռաբբին տարակուսանքով նայեց Աստծուն:
— Ամեն ինչ շատ հասարակ է,— բացատրեց Աստված.— ընդամենը որոշակի հմտություն է պահանջվում: Բանն այն է, որ այս սենյակի մարդիկ սովորել են կերակրել մեկը մյուսին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет: