Լուսաստվեր



ԼՈՒՍԱՍՏՎԵՐ


Լենան մի տարօրինակ հիվանդությամբ էր տառապում` օրվա անցուդարձը «երաժշտականացնելու» մոլուցքով: Բժիշկի ախտորոշումը չէր, այլ եղբոր` Զավենի: Սրճարանում մատուցողուհի էր աշխատում, ապրում միակ եղբոր և միակ սիրո՝ Երաժշտության հետ: Երաժշտությունը ծնվում էր հանկարծակի. հաճախորդները տարբեր էին` ներդաշնակ զույգերից, ուրախ ընկերախմբերից մինչեւ միայնակ երիտասարդներ ու դժգոհ ծերեր: Ներդաշնակ ու ռիթմիկ ելեւէջներին փոխարինելու էին գալիս փոթորկահույզ ու հնչեղ մեղեդիները, որոնք դաշնամուրային վարիացիաներ էին դառնում: Երազում էր մի երաժշտության մասին, որն իր մեջ կխտացներ հուշ-ապրումները եւ կդառնար նրա ամենակարևոր ստեղծագործությունը:
Մի օր Զավենի համար գնացին աղջիկ տեսնելու: Գյուղ էր, խրվեցին ձյան մեջ, մուտքի մոտ դիմավորեց մի մոլորված շուն` հոգնած աչքերով: Լենան երեք աղջիկ նշմարեց, չիմացավ, թե որ մեկն էր: Խոսակցությունը չէր ստացվում: Նա սեղանին մատներով թմբկահարում էր, սակայն երաժշտությունը չէր ծնվում: Դաշնամուրի սեւ ու սպիտակ ստեղները գրկաբաց կանչում էին: Տան հայրը, անտարբեր նստած, հեռուստացույց էր նայում, բայց Լենան գիտեր, որ հանգստությունը ձեւական էր: Մեծ քույրը սուրճ մատուցեց, ու մի պահ Լենային թվաց, թե սրճարանում է. մատուցարանը նրան հրամայում էր աշխատել: Մայրն էր իր վրա վերցրել հյուրասիրելու ծանր պարտականությունը: Ինչպես միշտ տղամարդիկ կանանց մենակ են թողնում, փախչում են, երբ դժվար ու պատասխանատու գործ է լինում: Հասունացավ երաժշտությունը. ըմբոստ էր, հետո մեղմ, կնոջ նման` խաբուսիկ ուժեղ: Բայց մի բան պակաս էր: Երեկոյան նոտագրելուց փորձեց գտնել բացը, սակայն ինչ-որ բան արգելակում էր: Աչքի առաջ պատկերներ էին գալիս ու խլացնում ձայնը: Առաջին անգամ վստահորեն ձեռքն առավ մատիտը ու նկարեց… Նկարչի ճշգրտությամբ ու անսովոր հանգստությամբ ստվերային լուծումներով «կառուցեց» անցյալից մի պատկեր: Ձեռքին ասես վրձին էր, կտավ ու յուղաներկ: Մի բարեկամ ուներ, ով միայն ամպեր էր նկարում: Արեւի խավարման օրվա նկար նվիրեց, որն իր սենյակում փակցրեց: Այնուամենայնիվ մի շող երեւում էր, եւ դա բավական էր, որ խավարը լուսավորվեր: Կարծես ամպերը հոգեվիճակ ներկայացնեին, իր հույզերը, իսկ արեւը ստվերված էր: Ամպ-երաժշտության պատառիկները թեթեւ էին, բայց խտանում էին, նեղվածությունն էլ խորունկ ստվերների վերածվում, իսկ կորցրած վստահությունն ու ցավը, որոտ դարձած, ազդարարում էին ժամանակների փոփոխության մասին: Կարծես Լենայի մարմինը շնչում էր, զգում էր անսովոր ամպային թեթեւություն: Աչքերը փակ, մեղեդին ականջներում` նկարում էր մի պատմություն: Հիշեց իր սիրած տղային, ձմեռը, երբ քայլում էին ձյան տակ` ձեռք ձեռքի տված ու երջանիկ` տեսնելով միայն ձյուն, եղեւնի, մտքներում` երգ: Հայելու մեջ իր դեմքը տեսավ` սեւ շրջանակներ աչքերի տակ: Երկնքում ամպեր էին, ներքեւում` նույնպես. քայլում էին ձյուն-ամպերի վրայով, իսկ աղջկա դեմքն այնքան խաղաղ էր: Լենան հենց այդ դեմքն էր ուզում` լղոզված աչքերով, թրջված մազերով, բայց երջանիկ: Այնքան անմեղ նկար էր ու լուսավոր երաժշտություն, իսկ ամպերն արտացոլում էին այդ ամենը: Նկարի լույսը շատ էր, նոր ծնված երաժշտությունն էլ ճառագում էր պատկերից: Լենան բացեց աչքերը ու նայեց նկարին: Այն էր, իրական, ինչպես պատկերացրել էր: Հիշեց արեւի խավարման նկարը, որտեղ լույսն ու ստվերը միախառնվել էին: Ասես անցյալն ու ներկան էին արտացոլում, ժամանակների խառնուրդը` սեւ ու սպիտակ ամպերի տեսքով: Տղային ավազե ժամացույց էր նվիրել, որի իմաստն այդպես էլ չհասկացավ: Ավազե հատիկները Լենայի համար շատ արագ ներքեւ հոսեցին, ու ժամանակն ամիսներ գլորեց: Կարծես ամպ-երաժշտությունը սահում էր նկարի վրայով ու վերարտադրում պատմությունը: Լույս-ստվեր-ժամանակից մի մեղեդի էր ծնվում ու ներկայացնում պատմության սկիզբն ու ավարտը: Մատուցողուհին այդ օրը մատուցեց իր ամենակարեւոր ստեղծագործությունը` երաժշտություն-նկարը` լուսավոր ու ամպոտ հուշերի տեսքով:   

Комментариев нет: