21 апр. 2012 г.

ՈՒՍԱՆԵԼԻ ԱՌԱԿՆԵՐ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻՑ

ԱՌԱԿ ԳՈՐՏԻ ՈՒ ԹԹՎԱՍԵՐԻ ԿՃՈՒՃԻ ՄԱՍԻՆ

Աշխարհիս երեսին երկու գորտ էին ապրում։ Նրանք ընկերներ էին և նույն առվակում էին ապրում։ Միայն թե նրանցից մեկն իսկական անտառային գորտ էր՝ խիզախ, ուժեղ, ուրախ, իսկ մյուսը ո՛չ այս էր, ո՛չ այն, վախկոտ էր, ծույլիկ ու քնկոտ։ Նրա մասին նույնիսկ ասում էին՝ իբր նա ոչ թե անտառում, այլ քաղաքային ինչոր զբոսայգում է ծնվել։ Բայց և այնպես նրանք միասին էին ապրում։
Եվ ահա մի անգամ գիշերը նրանք գնացին զբոսնելու։ Իրենց համար գնում էին անտառային ճանապարհով ու հանկարծ մի տուն տեսան։ Իսկ տան մոտ մառանն էր։ Եվ այդ մառանից շատ լավ բուրմունք էր գալիս. բորբոսի, խոնավության, մամուռի, սնկերի բուրմունք։ Իսկ դա հենց այն է, ինչ գորտերը սիրում են։ Դե, նրանք էլ արագորեն մտան մառան, սկսեցին այնտեղ վազվզել, ցատկոտել։ Ցատկոտեցին, ցատկոտեցին ու անզգուշորեն ընկան թթվասերով լցված կճուճը։ Եվ սկսեցին խեղդվել։
Բայց խեղդվել նրանք, ինչ խոսք, չէին ցանկանում։ Այդժամ նրանք սկսեցին թպրտալ ու լողալ։ Բայց այդ կավե կճուճի պատերը շատ բարձր ու լպրծուն էին։ Եվ գորտերը ոչ մի կերպ չէին կարող դուրս գալ կճուճից։ Այն գորտը, որը ծույլիկ էր, լողաց մի քիչ, չլմփացրեց ու մտածեց. «Միևնույնն է, ես այստեղից չեմ կարող դուրս գալ։ Իզուր տեղն ինչու թպրտամ։ Զուր տեղը միայն նյարդերս կքայքայեմ։ Ավելի լավ է՝ միանգամից խեղդվեմ»։ Մտածեց նա այդպես, դադարեց թպրտալ ու խեղդվեց։
Իսկ մյուս գորտն այդպիսին չէր։ Նա մտածեց. «Չէ՛, տղե՛րք, խեղդվել ես միշտ էլ կհասցնեմ։ Խեղդվելը կա ու կա։ Ավելի լավ է՝ ես դեռ թպրտամ, լողամ։ Ո՞վ գիտե, միգուցե ինձ մոտ ինչ–որ բան ստացվի»։ Բայց դե, ոչինչ էլ չէր ստացվում։ Ինչքան էլ լողաս, հեռու չես գնա։ Կճուճը նեղլիկ էր, պատերը՝ լպրծուն, թթվասերից չի կարող դուրս գալ մեր գորտը։
Բայց, այնուամենայնիվ, նա չէր հանձնվում, չէր վհատվում։ «Ոչինչ,— մտածում էր նա,— քանի ուժ կա, թպրտալու եմ։ Չէ՞ որ ես դեռ ողջ եմ, նշանակում է՝ հարկավոր է ապրել։ Իսկ հետո ինչ լինելու է, թող լինի»։ Եվ ահա, վերջին ուժերը լարելով, մեր քաջ գորտը կռիվ էր մղում իր գորտային մահվան դեմ։ Ահա արդեն սկսում էր գիտակցությունը կորցնել։ Ուր որ է կխեղդվի արդեն։ Ուր որ է կսուզվի հատակը։ Բայց դե նա, միևնույնն է, դեռ չէր հանձնվում։ Շարունակում էր աշխատել իր թաթիկներով։ Թաթիկները թափահարում էր ու մտածում. «Չէ՛, չեմ հանձնվելու։ Սխալվում ես, գորտայի՛ն մահ…»։
Եվ հանկարծ, սա ի՞նչ բան է։ Հանկարծ մեր գորտը զգաց, որ իր ոտքերի տակ արդեն ոչ թե թթվասեր է, այլ պինդ մի բան է, գետնի պես ամուր, հուսալի ինչ–որ բան։ Զարմացավ գորտը, նայեց ու ի՞նչ տեսնի. կճուճում ոչ մի թթվասեր արդեն չկա, իսկ ինքը կարագի գնդի վրա է կանգնած։ «Սա ի՞նչ բան է,— մտածեց գորտը,— կարագը որտեղի՞ց հայտնվեց այստեղ»։ Զարմացավ նա, բայց հետո գլխի ընկավ. ախր դա ինքն էր, իր թաթիկներով աշխատելով, հեղուկ թթվասերից պինդ կարագ հարել…

ԲԱՐՈՒԹՅՈՒՆ (ճապոնական)
 
Վարպետ Տակուանը բազմաթիվ հետևորդներ ուներ՝ սկսած Տոկուգավայի սյոգունատի երրորդ սյոգուն Իէմիցուից և վերջացրած սովորական գյուղացիներով: Նրանց թվում մի ծերունի կար, որի անունը ոչ ոք չէր հիշում: Նա փոքր-ինչ խենթավուն էր: Մի անգամ այդ ծերունին իր ծառային ուղարկեց Տակուանի մոտ, որպեսզի արարողության ավարտից հետո ծառան վարպետին հրավիրի ճաշելու:
                _ Իմ կերակուրը որքան էլ համեստ լինի, ես ուզում եմ, որ Օսեն իմ տանը գարով տապակած բրինձ ճաշակի,_ ծառային ասաց ծերունին:
                Օսեն, որը սիրում էր այդ ճաշատեսակը, հաճույքով ընդունեց հրավերն ու գնաց ծերունու տուն հյուրասիրության: Այնտեղ նրան գարու և բրնձի շիլայով լի մի մեծ ափսե տվեցին: Շիլային ուղեկցող ոչ մի ուրիշ համեմունք ծերունին չուներ: Սեղանին նույնիսկ Օսեի բաղադրամտոմսով պատրաստվող թթու դրած բողկ չկար, որ կոչվում է տակուան-ձուկե
                Սովորաբար ոչ քմահաճ Տակուանն այս անգամ մտածեց. “Մի՞թե ծերունին բրնձի հետ ոչ մի թթու բան չի մատուցի”, բայց հարցեր տալու ժամանակ չկար, քանի որ նրա բերանը լիքն էր համեղ շիլայովԾերուկը հանգիստ նստած էր հյուրի առջև, սպասելով ճաշի ավարտին: Երբ Օսեի փորը լցվեց, նա վեր կացավ, որպեսզի հեռանա, բայց ծերունին նրան կանգնեցրեց և ասաց.
                _ Օսյո-սան, ես ձեզ տապակած բրինձ հյուրասիրեցի, իսկ դուք գնում եք` նույնիսկ շնորհակալություն չհայտնելով ինձ: Մի՞թե վանականներն այդպես են վարվում:
                _ Դուք ինձ գարով տապակած բրինձ ճաշակելու եք հրավիրել: Դուք ինձ չեք հրավիրել ձեզշնորհակալությունհայտնելու,_ առանց հապաղելու պատասխանեց Օսեն ու արագորեն դուրս եկավ տնից:
                Այդ պատասխանից ծերուկը խոցվեց, և նա որոշեց երբևէ հակախաղ սկսել Օսեի հետ:
Մի անգամ ծերուկը մտածում էր, թե ինչպես խոսքի վրա բռնացնի Օսեին: Հենց այդ ակնթարթին Օսեն վազելով մտավ նրա տուն և բացականչեց.
                _ Դրսում հեղեղի պես անձրև է թափվում: Խնդրում եմ ձեր անձրևանոցն ու գէտան (փայտե ոտնամաններ) տրամադրեք ինձ:
                Ծերուկն ուրախացավ հակապատասխանի հնարավորությամբ և շատ սիրալիր կերպով տրամադրեց այն, ինչ Օսեն խնդրեց: Ծերունին վստահ էր, որ այս անգամ Օսեն շնորհակալություն կհայտնի, բայց դա դարձյալ տեղի չունեցավ: Օսեն արագորեն դուրս եկավ տնից և շուտով մի երիտասարդ վանականի ուղարկեց, որպեսզի վերջինս վերադարձնի իր վերցրած իրերը: Այդ երիտասարդ վանականն էլ իր վարպետի պես էր, նա նույնպես շնորհակալություն չհայտնեց ծերունուն, այլ միայն թողեց իրերն ու չքվեց:
Մի քանի օր անց Օսեն ու ծերուկը հանդիպեցին թեյի սեղան շուրջ: Ծերուկը որոշեց, որ ամեն ինչի մասին խոսելու ժամանակը եկել է և հեռվից սկսեց.
                _ Ձեր բախտը չբերեց այն օրը, երբ դուք ուժեղ անձրևի տակ ընկաք, այդպես չէ՞:
                _ Այո, բախտս չբերեց: Հուսով եմ, երիտասարդ վանականը վերադարձրել է ձեր անձրևանոցն ու գէտան:
                _ Իհարկե, վերադարձրել է: Դա շատ սիրալիր էր ձեր կողմից,_ ասաց ծերունին և հասկացավ, որ ակամա ինքն է շնորհակալություն հայտնում Տակուանին: Ինչպե՞ս կարող էր այդպիսի վրիպում թույլ տալ:
                Օսեն նստած էր ծերունու դիմաց և ժպտում էր: Ծերունին այլևս չդիմացավ ու արագ-արագ վրա տվեց.
                _ Օսյո-սան, դուք վատ եք դաստիարակված: Դուք, ծայրահեղ դեպքում, կարող էիք գոնե շնորհակալություն հայտնել ինձ:
                _ Եթե ես ձեզշնորհակալությունասեմ, ապա դրանով իսկ արդեն ձեզ կվճարեմ իմ պարտքը,_ հանգիստ ձայնով ասաց Տակուանը:_ Ես իմ ներսում միշտ երախտագիտություն եմ հայտնում ձեզ և երբեք չեմ մոռանում ձեր բարությունը: Իսկ եթե մարդն իր բարության դիմաց երախտագիտություն է սպասում, ապա դա իսկական բարություն չէ: Դուք չպետք է հույս դնեք այն բանին, որ ուրիշների ուրախության ականատեսը կդառնաք և նրանց գովեստները կլսեք: Բարի գործերն ինքին պետք է ուրախություն պատճառեն ձեզ, ընդսմին, ուրիշներին ինչ-որ բան տալիս կամ օգնելիս դուք պարգև չպետք է սպասեք: Իսկական բարությունն այդպիսին է: Դուք ձեզ խաբում եք, եթե սնափառությունից կամ ինքնագոհությունից դրդված եք ինչ-որ բարի գործ կատարում: Ընդ որում, այդպես վարվելով, դուք թույլ եք տալիս, որ մոլորությունը մտնի ձեր մեջ: Մարդիկ հակված են շահասիրության: Ուրիշների համար ինչ-որ լավ բան անելով, նրանք ձգտում են դրա դիմաց ինչ-որ բան ստանալ: Մարդկանցից ոչինչ չի հասկանում նա, ով բարության ու շահասիրության միջև տարբերություն չի տեսնում: Եթե դուք միայն ձեր անձնական շահերից ելնելով եք բարի գործ անում, դուք սխալ եք գործում: Դե իսկ եթե ձեր ամեն մի գործողությամբ ձգտում եք օգնել ուրիշներին, ապա երբեք հիասթափություն չեք ապրի:   

ՈՒՄ Է ՕԳՆՈՒՄ ԵՐԿԻՆՔԸ

Գյուղի միջով մարդիկ էին գնում: Նրանք հարևան շրջանից փախչում էին ժանտախտի համաճարակից: Շատերը հյուծված էին և ողորմություն էին խնդրում, բայց գյուղի բնակիչները ծխահարում էին իրենց տներն ու ամուր փակում էին դարպասներն ու փեղկերը: Միայն մի գյուղացի չդիմացավ: Նա իր ամբարից մի քանի պարկ ալյուր բերեց և կնոջը հրամայեց. "Հաց թխիր: Չեմ կարողանում հանգիստ նայել այս դժբախտությանը, գոնե ինչ-որ մի բանով օգնեմ":  Կինն սկսեց հաց թխել, իսկ գյուղացին տաք բոքոնները ձեռքին դուրս էր գալիս ու բաժանում էր սովյալներին: Մի ծերունի դրա դիմաց մի փոքրիկ պարկ տվեց նրան և ասաց. "Վերցրու', բարի' մարդ: Ես տնից ինձ հետ վերցրել եմ այս պարկը, բայց իմ ընտանիքը զոհվել է, և սա ինձ այլևս պետք չէ": 
Ծերունին վերցրեց հացը, լաց եղավ ու շարունակեց իր ճանապարհը: Գյուղացին վախենում էր վարակվելուց և պարկը շպրտեց ցախանոցի անկյունը:
Փախստականների հոսքը հսկայական էր, և շուտով գյուղացու ալյուրը վերջացավ: Այդ ժամանակ նա գնաց ջրաղաց և աղաց իր պահուստավորած ալյուրը, որը պահել էր ցանելու համար որպես սերմացու
_ Դու խելագարվել ես, բա հետո ինչպե՞ս ես ապրելու,_ ասում էին նրան հարևանները:
_ Ես տուն ունեմ և իմ ընտանիքը, իսկ այս դժբախտները ոչինչ չունեն: Կաղոթենք աստծուն, միգուցե, նա մեզ ուտելիք և օգնություն կուղարկի,_ պատասխանում էր գյուղացին: Բայց նա ձմռանը հաց թխելիս ստիպված էր լինում կեսը խոտ լցնել:
Մի անգամ նրա կինը ցախատանը հավաքելիս անկյունում ինչ-որ փոքրիկ պարկ գտավ:
_ Նայի'ր,_ ամուսնուն ցույց տալով, բացականչեց նա,_ սրա մեջ ինչ-որ քարեր են
_ Սա ինձ մի ծերունի տվեց հացի դիմաց: Ախր սրանք թանկարժեք քարեր են,_ բացականչեց գյուղացին:
Գյուղացին ցորեն գնեց, նոր ձի, և գյուղի բոլոր աղքատներին օգնեց:
Այն հարցին, թե նրանց որտեղից հարստություն բաժին ընկավ, գյուղացու կինը պատասխանում էր.
_ Բարի մարդուն երկինքն էլ է օգնում:

ԵՐԿՈՒ ՆՈՐԱԾԻՆ
 
Հղի կնոջ որովայնում երկու մանկիկ զրուցում են: Նրանցից մեկը հավատացյալ է, մյուսը չի հավատում:
Չհավատացող մանկիկ.
_ Դու հավատո՞ւմ ես ծննդաբերությունից հետո կյանքի գոյությանը:  
Հավատացող մանկիկ.
_ Այո', իհարկե': Բոլորի համար էլ հասկանալի է, որ ծննդաբերությունից հետո կյանք կա: Մենք այստեղ նրա համար ենք, որ դառնանք բավականաչափ ուժեղ և պատրաստ լինենք այն բանին, ինչ հետո սպասվում է մեզ:  
Չհավատացող մանկիկ.
_ Դա հիմարություն է: Ծննդաբերությունից հետո ոչ մի կյանք լինել չի կարող: Դու կարո՞ղ ես պատկերացնել, թե այդպիսի կյանքն ինչ տեսք կունենար
Հավատացող մանկիկ.
_ Ես բոլոր դետալները չգիտեմ, բայց ես հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս կլինի, և որ մենք, միգուցե, ինքներս կքայլենք ու կուտենք մեր բերանով
Չհավատացող մանկիկ.
_ Ի~նչ անհեթեթություն: Ախր անհնար է ինքնուրույն քայլել և ուտել իր բերանով: Դա ընդհանրապես ծիծաղելի է: Մենք պորտալար ունենք, որը մեզ սնում է: Գիտե՞ս, ես ուզում եմ քեզ ասել. անհնար է, որ ծննդաբերությունից հետո կյանք գոյություն ունենա, որովհետև մեր կյանքը` պորտալարը, առանց այդ էլ չափազանց կարճ է
Հավատացող մանկիկ.
_ Ես վստահ եմ, որ դա հնարավոր է: Ուղղակի ամեն ինչ մի փոքր ուրիշ ձևով կլինի: Դա կարելի է պատկերացնել:  
Չհավատացող մանկիկ.
_ Բայց չէ՞ որ այնտեղից դեռ ոչ ոք հետ չի վերադարձել: Կյանքը ծննդաբերությամբ պարզապես ավարտվում է: Եվ, ընդհանրապես, կյանքը մի մեծ տառապանք է խավարի մեջ
Հավատացող մանկիկ.
_ Ոչ, ոչ: Ես ճշգրիտ չգիտեմ, թե ծննդաբերությունից հետո կյանքն ինչ տեսք կունենա, բայց, ցանկացած դեպքում մենք կտեսնենք մայրիկին, և նա մեզ հոգ կտանի
Չհվատացող մանկիկ.
_ Մայրիկի՞ն: Դու հավատո՞ւմ ես մայրիկին: Եվ որտե՞ղ է նա գտնվում
Հավատացող մանկիկ.
_ Նա ամենուրեք մեր շուրջն է, մենք նրա մեջ ենք գտնվում և նրա շնորհիվ շարժվում ենք ու ապրում, առանց նրա մենք պարզապես չենք կարող գոյություն ունենալ
Չհավատացող մանկիկ.
_ Կատարյալ անհեթեթություն: Ես ոչ մի մայրիկ էլ չեմ տեսել, և այդ պատճառով էլ ակնհայտ է, որ նա պարզապես գոյություն չունի
Հավատացող մանկիկ.
_ Չեմ կարող համաձայնել քեզ հետ: Չէ՞ որ երբեմն, երբ շուրջն ամեն ինչ լռում է, կարելի է լսել, թե ինչպես է նա երգում, և զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը: Ես հաստատապես հավատում եմ, որ մեր իսկական կյանքը միայն ծննաբերությունից հետո է սկսվում: Իսկ դո՞ւ:

Комментариев нет: