2 окт. 2012 г.

՛՛Արվեստների պատկերասրահ՛՛ մշակութային հիմնադրամը ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը

Փառատոնն այս տարի ևս հանդիսատեսին հնարավորություն կընձեռի  հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, առնչվելու  դասական երաժշտության  գոհարների հետ:
Հոկտեմբերի 3-ին, ժ.19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա <<Դարիուս Միյո>> դաշնամուրային դուետը՝ Արմինե Սողոմոնյան (Հայաստան)  և Անահիտ Սողոմոնյան (Ֆրանսիա):

 Ծրագրում՝
Ֆ. Շուբերտ - <<Ֆանտազիա>> f-moll op.103
Շուբերտ - Պրոկոֆև <<Վալսեր>>
Ֆ. Լիստ - <<Պրելյուդներ>>
Կ. Դեբյուսի - <<Փոքր սյուիտ>>
Ֆ. Պուլենկ - 3 Պիես
Կ. Սեն-Սանս -<<Վարիացիաներ Բեթհովենի թեմայով>> op.35

Արմինե և Անահիտ Սողոմոնյան քույրերը դեռևս փոքր տարիքից դաշնամուրային անսամբլով բազմաթիվ ելույթներ են ունեցել: Հետագայում Անահիտ Սողոմոնյանը իր ուսումը, կատարողական և աշխատանքային գործունեությունը շարունակել է հայրենիքից հեռու: Սակայն երաժշտությունը քույրերին նորից միավորել է, և արդեն 15 տարուց ի վեր նրանք  միասին հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում:
Կոմպոզիտոր Դարիուս Միյոյի այրին, հմայված լինելով ամուսնու ստեղծագործության հիանալի մեկնաբանմամբ, քույրերին առաջարկում է կրել կոմպոզիտորի անունը՝  ի նշան երախտագիտության: Դարիուս Միյո դաշնամուրային դուետը, իր կատարողական արտիստիզմով, նրբությամբ, հուզականությամբ և անկեղծությամբ, գրավել է հանդիսատեսի և երաժշտական քննադատների ուշադրությունը: Դաշնամուրային դուետը բազմիցս մասնակցել է հեղինակավոր փառատոներին, ինչպես նաև համերգներ է ունեցել Եվրոպայի մի շարք երկրներում:
Դաշնամուրային դուետը Ֆրանսիայում թողարկել է  2 ձայնասկավառակ և 2 տեսաերիզ:
 Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը  հայ հանդիսատեսին կներկայանա  8 համերգից բաղկացած համերգաշարով և կավարտվի հոկտեմբերի 31-ին:

Комментариев нет: