4 июн. 2012 г.

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Գնալ անգլիակա՞ն ձևով, այսինքն՝ առանց ցտեսություն ասելու, դուռը շրխկացնե՞լ, թե՞ ժպտալ գործընկերներին ու ղեկավարին՝ հաջողություն ցանկանալով: Որ տարբերակն էլ ընտրեք, տհաճ խոսակցություններն անխուսափելի են: Իսկ ե՞րբ այդ <<հրաշալի>> նորությունը հայտնել գործընկերներին ու ղեկավարությանը, բացատրե՞լ պատճառը, թե՞ պարզապես հեռանալ: Պարզ է, որ աշխատանքից դուրս գալը բավականին դժվար ու սթրեսային գործ է. ամեն դեպքում՝ այդքան ժամանակ ու էներգիա եք ներդրել, կան գործընկերներ, որոնց չեք ցանկանա կորցնել, իսկ աշխատանքային որոշ անհամաձայնություններ կստվերեն այն լավը, որ արել եք ողջ ընթացքում: 

Դառնությամբ կպատկերացնեք, թե ձեր աշխատանքի քաղցր պտուղները ինչպես է վայելելու ձեր տեղը զբաղեցրած աշխատակիցը: Իսկ աշխատավայրից հեռանալու պատճառը հիմնականում չնչին աշխատավարձն է, չգնահատվելու փաստը, ոչ հաճելի հարաբերությունները գործընկերների հետ, այն վիթխարի ժամանակը, որ վատնում եք ինչ-որ մեկի բիզնեսը ծաղկեցնելու համար՝ չունենալով աճելու հնարավորություն և առաջընթաց: Լավ, բայց մի կողմից էլ դուք քիչ բան չեք սովորել, իսկ այն փորձն ու գործնական  կապերը, ընկերական հարաբերությունները, որ հաստատել եք աշխատանքի ընթացքում, ձեզ հաստատ պետք են գալու: Հնարավոր է ձեր տնօրենը փորձի համոզել, որ աշխատանքից դուրս չգաք, բայց արդյո՞ք ձեզ հարկավոր է հետ կանգնել նման որոշումից:  Իմ կարծիքով՝ ոչ: Ի՞նչ եք շահելու, եթե ձեր աշխատավարձը ինչ-որ չափով բարձրացվի, մի՞թե կկարողանաք համակերպվել, որ ձեզ <<լավություն>> են անում, իսկ, ընդհանրապես, ի՞նչ է փոխվելու ձեր և ղեկավարության կամ գործընկերների հարաբերություններում: Դուք որոշ ժամանակ հետո նույն կոտրած տաշտակի առջև եք հայտնվելու: Իհարկե, այն մտավախությունը, որ ռիսկի եք դիմում և մեկ այլ գործատուի մոտ <<փլավ չեն բաժանում>>, հասկանալի է, սակայն գրեթե միշտ նոր միջավայրն ու այլ գործով զբաղվելը իր հետ ավելի թարմ և հետաքրքիր գաղափարներ է բերում: Համոզված եմ, որ նույն սխալները նոր աշխատավայրում թույլ չեք տա, իսկ ամենափոքր հաջողությունն ու աճը, անշուշտ, կբարձրացնեն ձեր ինքնագնահատականը և ավելի ոգևորված կաշխատեք: Փաստորեն այնքան էլ վատ չէ աշխատանքից ազատվել ու նոր գործ փնտրել, մնում է միայն այդ մասին ճիշտ կերպով տեղեկացնել տնօրինությանն ու հրաժեշտ տալ այնպես, որ ինքներդ ձեզանից գոհ մնաք: Հավատացեք, որ միշտ առանց վեճի ու փոթորիկ անելու հրաժեշտ տալը հետագայում ձեզ մեծ առավելություն կտա. վաղ թե ուշ բոլոր խնդիրներն ու տհաճ պահերը կմոռացվեն, դուք էլ կմնաք այն բարձրության վրա, որ վերջին պահին եղել եք…   


1 комментарий:

Blognews комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: