1 июн. 2012 г.

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Սույն թվականի հունիսի 6-ից 13-ը Երևանում անց է կացվելու Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար: Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ Մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, որը հնարավոր դարձրեց նման լայնամասշտաբ ծրագրի իրականացումը ավելի բարձր մակարդակով և մրցույթի տարածումը ԱՊՀ երկրներում:

Մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է, այն ներառում է ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրներից` Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելորուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից:  
Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են ընդգրկված համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիևը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Միխայիլ Շվիդկոյը, Պավել Կոգանը, Էլիժբիետա և Քշիշտոֆֆ Պենդերեցկիները, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, այլ նշանավոր անձինք:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանում է հետևյալ մրցանակները`
1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները պարգևատրվելու են` յուրաքանչյուրը դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով:
Այս տարի պատվավոր ժյուրիի կազմում կներառվեն `
·  Էդուարդ Թադևոսյանը (Հայաստան)` ժյուրիի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և նվագախմբային ֆակուլտետի դեկան,
· Բորիս Կուշնիրը (Ավստրիա)` Գրացի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի և Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր,
·       Հարոլդ Հերցլը (Ավստրիա)` Զալցբուրգի Մոցարտեում համալսարանի պրոֆեսոր և լարային ամբիոնի վարիչ,
· Իգոր Պետրուշևսկին (Մեծ Բրիտանիա)` Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր,
·     Կարեն Հարությունյանը (Բելգիա)` Բրյուսելի և Լյեժի թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր,
· Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան)` Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնի վարիչ և պրոֆեսոր,
·     Տանյա Դորնը (Գերմանիա)` IMG Artists Գերմանիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի դիրիժորների և գործիքավորողների բաժնի համատնօրեն:
Մրցույթի շրջանակներում Երևան են ժամանելու այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են`
· Ալեքսանդր Սոկոլով (Ռուսաստան)` Մոսկվայի Պ. Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի ռեկտոր,
·     Գագիկ Գաբրիելյան (Ռուսաստան)` Մոսկվայում Արամ Խաչատրյանի անվան հիմնադրամի գործադիր տնօրեն,
·        Էլժբիետա Պենդերեցկա (Լեհաստան)` Լյուդվիգ վան Բեթհովեն Ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն,
·        Ժան Դիսլեր (Բելգիա)` մեկենաս,
·  Ինո Միրկովիչ (Խորվաթիա)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, Լովրանում «Ինո Միրկովիչ» երաժշտական ակադեմիայի ռեկտոր, «Հարիսոն Փարրոթ» երաժշտական գործակալության խորհրդական,
·        Մարկուս Մարշալը` I, Culture երաժշտական ծրագրի գեղարվեստական ղեկավար:
Մրցույթի գործընկեր է հանդիսանում Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը:
Մրցույթի աջակիցներն են` Ani Plaza  և Golden Palace  հյուրանոցները, Mozarteum ռեստորանը, HD Studio-ն:
Ինֆորմացիան աջակիցներ` Հ1,  ArmNews, Դար21, Երկիր Մեդիա, Արմենիա TV, Կենտրոն հեռուստաընկերություն, Հանրային ռադիո, Վեմ ռադիո, Արմ ռադիո, Ավտո ռադիո, Երևան ռադիո, 106.5 լրատվական ռադիո, վեբ մամուլ`Panarmenian.net , Bravo.am,  Regnum.ru, Новости-Армениа.am, Թերթ.am, Eritasard.am, 1in.am, SLAQ.am, Yerevan.ru, Hraparak.am, Times.am, mardik.am:
2007թ-ից մրցութի պաշտոնական նվագախումբ է հանդիսանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը: Ելույթ են ունենալու Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և 2010թ. Ա.Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակիր Յարոսլավ Նադրզիցկին (Լեհաստան):
Յարոսլավ Նադրզիցկին սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում` պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկու դասարանում: 2010թ. հունիսին Երևանում Յարոսլավը դարձավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր: Բազմաթիվ միջազգային մրցույթներում նա արժանացել  է բարձր մրցանակների, այդ թվում` Ջ. Էնեսկուի անվան միջազգային մրցույթ (Բուխարեստ, 2009թ), «Վալսեսիա Մուզիկա» ջութակի միջազգային  մրցույթ (Վարալլո, Իտալիա), «Հավերհիլլ Սինֆոնիա» մենակատարների մրցույթում (2008թ), Յաշա Հեյֆեցի անվան ջութակի  միջազգային  մրցույթ (Վիլնյուս, 2001թ), Մաքս Ռոսթալի անվան մրցույթ (Բեռլին, 2002թ), Տիբոր Վարգայի անվան ջութակի  միջազգային մրցույթ (Մարտինի, Շվեյցարիա,  2004թ և 2006թ), Վենյավսկու անվան ջութակի միջազգային մրցույթ (Պոզնան, Լեհաստան, 2006թ), Ռուջերո Ռիչչի անվան ջութակի մրցույթ (Ավստրիա, 2007թ)  և Բենջամին Բրիտտենի անվան ջութակի միջազգային մրցույթ (Լոնդոն, 2008թ): Յարոսլավը ելույթ է ունեցել համերգներով բազմաթիվ երկրներում` ԱՄՆ, Կորեա, Ավստրիա, Գերմանիա, Մոնտենեգրո, Խորվաթիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Լիտվա, Ֆինլանդիա, այլուր:
Հունիսի 7-8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի մրցութային առաջին փուլը:
Հունիսի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի մրցութային երկրորդ փուլը:
Հունիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի մրցույթի երրորդ` եզրափակիչ, փուլը:
Հունիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա պարգևատրման արարողությունը, որին կհետևի Գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցակակակրի մասնակցությամբ: 
Մրցույթի կայք`  www.akhic.am

Комментариев нет: