14 мая 2012 г.

ԵՎՍ 3 ՀՐԱՇԱԼԻ ԱՌԱԿ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻՑ

ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ (առակներ Օշոյի շարադրմամբ)

Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Միտքը միշտ փորձում է դատողություն անել, որովհետև զարգացման վիճակում գտնվելը վտանգավոր է և անհարմարավետ: Շատշատ արի՛ եղեք, մի՛ ընդհատեք ձեր աճը: Կանգ մի առեք, ապրեք պահի մեջ, պարզապես կյանքի հոսանքի մեջ եղեք:
Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում՝ Լաո Ցզիի ժամանակներում, և Լաոն այն շատ էր սիրում:
Գյուղում մի ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորները նախանձում էին նրան, որովհետև նա սքանչելի սպիտակ մի ձի ուներ: Թագավորները նրան չտեսնված գին էին առաջարկում ձիու դիմաց, բայց ծերունին միշտ ասում էր.
Այս ձին ինձ համար ձի չէ: Նա անձ է: Ես ինչպե՞ս կարող եմ վաճառել անձը, վաճառել ընկերոջը:
Ծերունին աղքատ էր, բայց ձին չէր ծախում:
Մի անգամ նա տեսավ, որ ձին մսուրում չէ: Ամբողջ գյուղը հավաքվեց, ու մարդիկ ասացին.
Դու հիմար ծերուկ ես: Մենք գիտեինք, որ մի օր այդպես էլ լինելու է: Ավելի լավ կլիներ ձին վաճառեիր: Ա՜յ քեզ դժբախտություն:
Այդպես ասելով՝ շատ հեռուն մի՛ գնացեք: Պարզապես ասացեք, որ ձին տեղում չէ, — պատասխանեց նրանց ծերունին: — Փաստը դա է, մնացածը դատողություն է: Ինչ էլ որ եղած լինի՝ դա դժբախտություն է թե օրհնություն, ես չգիտեմ, որովհետև դա ընդամենը դրվագ է: Ո՞վ գիտե, թե հետո ինչ է լինելու:
Մարդիկ ծիծաղում էին ծերուկի վրա: Նրանք միշտ էլ գիտեին, որ նա մի քիչ ցնդած է: Բայց 15 օր անց՝ գիշերը, ձին վերադարձավ: Ձին չէին գողացել, նա պարզապես փախել էր դեպի ազատություն: Ու դա դեռ բոլորը չէր: Նա իր հետ մի դյուժին ձի էր բերել: Մարդիկ դարձյալ հավաքվեցին ու ասացին.
Ծերո՛ւկ, դու ճիշտ էիր: Սա դժբախտություն չէր: Հիմա պարզ է, որ դա օրհնություն էր:
Դուք դարձյալ հեռուն եք գնում: Պարզապես ասացեք, որ ձին վերադարձել է: Ո՜վ գիտե, սա օրհնությու՞ն է, թե՞ ոչ, — հանգիստ պատասխանեց ծերունին: — Սա ընդամենը դրվագ է: Դուք արտահայտության մեջ ընդամենը մի բառն եք կարդացել: Դուք ինչպե՞ս կարող եք դատել ամբողջ գրքի մասին:
Այս անգամ մարդիկ շատ չխոսեցին, բայց ներքուստ որոշեցին, որ նա իրավացի չէ. տասներկու սքանչելի ձի:
Ծերունին մինուճար մի որդի ուներ: Նա սկսեց հեծնել, քշելուն վարժեցնել ձիերին: Ընդամենը մի շաբաթ անց նա ընկավ ձիուց ու ջարդեց երկու ոտքը: Մարդիկ նորից հավաքվեցին դատողություն անելու.
Դու դարձյալ ապացուցեցիր քո իրավացիությունը: Սա դժբախտություն է: Քո միակ որդին կորցրել է իր երկու ոտքերը, իսկ այս տարիքում նա քո միակ ապավենն է: Հիմա դու ավելի աղքատ ես, քան նախկինում էիր:
Դուք պարզապես դատելու մոլուցքով եք բռնված: Այդքան հեռու մի գնացեք: Ասացեք միայն, որ տղաս կոտրել է իր երկու ոտքը: Ոչ ոք չգիտի՝ սա դժբախտությու՞ն է, թե՞ օրհնություն: Կյանքը կտորներով է գալիս, իսկ ավելին մեզ տրված չէ:
Այնպես եղավ, որ մի քանի շաբաթ անց երկիրը պատերազմի մեջ մտավ, ու բոլոր պատանիները գնացին բանակ: Ամբողջ գյուղը գոռում ու լալիս էր, որովհետև դա վճռորոշ ճակատամարտ էր, և նրանք գիտեին, որ երիտասարդների մեծամասնությունը չի վերադառնա: Նրանք եկան ծերունու մոտ ու ասացին.
Դու ճիշտ էիր, ծերո՛ւկ, հիմա ակնհայտ է, որ դա օրհնություն էր: Չնայած քո որդին հաշմանդամ է, բայց նա քեզ հետ է: Մեր որդիները գնացին ընդմիշտ:
Ծերունին դարձյալ ասաց.
Դուք շարունակում եք դատել: Ոչ ոք դա չգիտի: Միայն ասացեք, որ ձեր որդիները պիտանի են բանակի համար, իսկ իմը՝ ոչ: Միայն Աստված՝ Բացարձակը, գիտի՝ դա դժբախտությու՞ն է, թե՞ օրհնություն:
Քանի դեռ դուք դատում եք, դուք չեք աճում, չեք զարգանում: Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Եվ միտքը մշտապես դատողություն է պահանջում, քանի որ զարգացման գործընթացում լինելը մշտապես ռիսկի հետ է կապված և անհարմար է: Իրականում ճանապարհորդությունը երբեք չի ավարտվում: Մի մասն ավարտվում է, բայց դրա փոխարեն սկսվում է մյուսը, մի դուռը փակվում է, մյուսը՝ բացվում: Դուք հասնում եք գագաթին, բայց հայտնվում է ուրիշը՝ ավելի բարձրը: Կյանքը անվերջ ճանապարհորդություն է:

ԼԱՎ Է (արևելյան առակ)

Աֆրիկյան մի թագավոր մտերիմ ընկեր ուներ, որի հետ նրանք միասին էին մեծացել: Այդ ընկերն իր կյանքում հանդիպող ցանկացած իրավիճակ դիտարկելիս, լիներ դա դրական թե բացասական, սովորություն ուներ ասել. «Լավ է»:
Մի անգամ թագավորը որսի էր գնացել: Նրա ընկերը պատրաստում ու լիցքավորում էր հրացանները: Հրացաններից մեկը նախապատրաստելիս նա ակնհայտորեն ինչ-որ սխալ էր կատարել: Երբ թագավորն այդ հրացանն առավ ձեռքն ու կրակեց, պայթյունից նրա բթամատն ամբողջովին պոկվեց: Իրավիճակը քննելով նրա ընկերը սովորականի պես ասաց.
-
Լավ է:
Թագավորն ի պատասխան ասաց.
-
Ոչ, վատ է, - և հրամայեց իր ընկերոջը բանտարկել:
Անցավ մոտ մեկ տարի: Թագավորը դարձյալ որսորդությամբ էր զբաղվում մի տարածքում, որտեղ նրան, իր կարծիքով, ոչ մի վտանգ չէր կարող սպառնալ: Բայց մարդակերները նրան գերի վերցրեցին և մնացածների հետ տարան իրենց գյուղը: Նրանք կապեցին նրա ձեռքերը, լիքը փայտ քարշ տվեցին, մի սյուն տնկեցին և թագավորին կապեցին այդ սյունից: Երբ նրանք կրակ վառելու համար ավելի մոտեցան նրան, նկատեցին, որ թագավորը ձեռքին բթամատ չունի: Իրենց սնահավատության պատճառով նրանք երբեք չէին ուտում այնպիսի մարդկանց, ովքեր մարմնական թերություններ ունեին: Թագավորի կապերը քանդելով նրանք ազատ արձակեցին նրան:
Տուն վերադառնալով նա հիշեց այն դեպքը, երբ ինքը զրկվել էր բթամատից, և ընկերոջ հանդեպ իր վերաբերմունքի պատճառով խղճի խայթ զգաց: Նա անմիջապես գնաց բանտ, որ խոսի ընկերոջ հետ.
-
Դու ճիշտ էիր, - ասաց նա, - իսկապես լավ էր, որ ես առանց բթամատի մնացի:
Եվ նա պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ:
-
Ես շատ եմ զղջում, որ քեզ բանտ նստեցրի, ես այն ժամանակ վատ բան արեցի:
-
Ոչ,- պատասխանեց ընկերը, - դա լավ էր:
-
Ի՞նչ ես ասում, մի՞թե լավ բան էր, որ ես իմ ընկերոջը մի ամբողջ տարի բանտ նստեցրի:
-
Եթե ես բանտում չլինեի, ապա քեզ հետ այնտեղ կլինեի:

ՄԱՐԴԻԿ ԵՎ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ

Մի մարդ գնում էր, և հանկարծ նկատեց, որ տեղում կանգնած է: Շուրջը նայելով, նա հասկացավ, որ անկյուն է մտել, և հետդարձի ճանապարհ չկա: Նա տրտմեց և մտածեց, որ այդպես էլ մեռնելու է: Մոտով մեկ ուրիշ մարդ էր անցնում, տեսավ առաջինին և ասաց.
-
Անկյուններ չեն լինում, դու ինքդ ես քեզ համար անկյուն հորինել և ինքդ ես նստել դրա մեջ:
Առաջինը հակաճառեց: Այդ ժամանակ երկրորդ մարդն ասաց.
-
Գուցե և դու իրավացի ես, բայց ի՛նքդ դատիր. ի՞նչը քեզ ավելի շատ օգուտ կբերի՝ ճշմարտությունն այն մասին, որ դու անկյունո՞ւմ ես, թե՞ սուտն այն մասին, որ անկյուններ գոյություն չունեն:
Առաջինը խոստացավ մտածել այդ մասին: Նա երկար մտածեց, տատանվեց, այնուհետև վեր կացավ և գնաց: Սկզբում մարդը պարզապես ուշադրություն չէր դարձնում, թե ուր է գնում և ինչ է իրեն շրջապատում: Իսկ երբ նա մի անգամ իր շուրջը նայեց, տեսավ, որ աշխարհն իր շուրջն ուրիշ է դարձել, և ինքը նույնպես ուրիշ է դարձել: Նա իր կյանքի ընթացքում առաջին անգամ անկեղծորեն ժպտաց:
Մի անգամ մարդը հասկացավ, որ ինքն անկյունում է հայտնվել: Այդժամ նա պառկեց ու քնեց: Եվ նա երազում տեսավ, իբր ինքը շարունակում է գնալ, և ոչ մի անկյուն էլ չկա: Երազը նրան այնքան դուր եկավ, որ նա որոշեց այլևս չարթնանալ:
Մի մարդ հայտնվեց անկյունում: Նա որոշեց մարտնչել անկյան դեմ: Եվ նա մարտնչում էր՝ պայքարի նորանոր միջոցներ հնարելով: Կամացկամաց նա մոռացավ, որ ինչոր ժամանակ ինքը միանգամայն այլ նպատակ ուներ:
Մի մարդ անկյուն ընկավ: Նա տեսավ, որ մենակ չէ այդ անկյունում: Նա ծանոթացավ ուրիշ մարդկանց հետ, լսեց նրանց պատմությունները, կարեկցեց: Իրեն ևս կարեկցեցին: Դրանից հետո նա գլխովին այնպես խորասուզվեց կոլեկտիվի գործերի մեջ, որ այլևս անկյունների մասին դատելու ժամանակ չուներ: Եվ նա հոգու խորքում նույնիսկ ուրախ էր դրա համար:






Комментариев нет: