18 мар. 2012 г.

ԻՍԿԱԿԱՆ ԿՆՈՋ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ "ԱՊՐԻՐ ՆԵՐԿԱՅՈՒՄ" ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

Հրաչյա Ամիրյանի  <<Ապրիր ներկայում>> ժողովածուն  <<Ապրելու արվեստը հոգեբանափիլիսոփայական առակներ>> շարքի 9-րդ հատորյակն է: Հատորյակում տեղ գտած բոլոր նյութերը հայերեն լեզվով լույս են տեսնում առաջին անգամ, որոնցից մեկը այս պատվիրաններն են:
ԻՍԿԱԿԱՆ ԿՆՈՋ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ  (Յուլյա Սվիյաշ)
«Կնոջ թագավորությունը քնքշության, նրբության, հանդուրժողության թագավորությունն է»։  Ժան Ժակ Ռուսո

1.Իսկական կինը երջանկության հետևից չի վազում։ Նա ընդհանրապես ոչ մի բանի հետևից չի վազում։ Երջանկության հետևից վազելն ամենատարածված ու ամենահիմար սպորտաձևն է։ Մենք բոլորս ինչ-որ տեղ ենք վազում։
Դեպի լուսավոր ապագան, վաղվա օրը, գալիք տարին և այլն։ Իսկական կինն այդ սպորտով չի զբաղվում։ Նա լողում է կյանքում` մշտապես գտնվելով այսօրվա մեջ, որովհետև ներկան ամենահետաքրքիրն ու կարևորն է այն ամենից, ինչին նա ուշադրություն է դարձնում։ Իսկական կինն, ինչ խոսք, ապագայի պլաններ ունի, բայց նա կյանքը վաղվան չի հետաձգում։ Չի սպասում, որ իր իսկական կյանքը կսկսվի այն ժամանակ, երբ… (երբ նա, վերջապես, կնիհարի, երբ ձիուն հեծած արքայազնը կգա, երբ հանգամանքները կդառնան բարենպաստ և այլն…)։

2. Իսկական կին լինելը մեծ արտոնություն է, և նա հասկանում է դա։ Թրթիռով է վերաբերվում այն փաստին, որ ինքը կին է ծնվել, և դրանում առանձնահատուկ արժեքավորություն է գտնում։ Նա ոչ թե պարզապես հասկացության մակարդակում իրեն ճանաչում է որպես կին, այլ իրեն զգում է այդպիսին։ Նրա համար իսկական կին լինելը փորձություն չէ, ծանր աշխատանք չէ, խաչ չէ, որը պետք է կրել ողջ կյանքի ընթացքում։ Այլ ճակատագրի պարգևն է ու օրհնությունը։ Իսկական կինն իր ներսում կանացիություն է մշակում-աճեցնում բոլոր մակարդակներում. ներքին` (զգայություններ, զգացմունքներ, մտքեր) և արտաքին` (մարմին, հագուստ, վարք)։

3. Իսկական կինն իր սեփական տեմպով է ապրում։ Չափազանց դանդաղ տեմպով ապրելիս ձեզ մոտ այն զգացումը չի առաջանում, որ դա կյանքն է։ Իսկ երբ չափազանց արագ եք ապրում, չեք հասցնում զգալ կյանքը։ Մեզանից յուրաքանչյուրը գոյության իր տեմպն ունի։ Իսկական կինը լավ գիտի և լավ զգում է իր այդ տեմպը և դրան համապատասխան է ապրում։ Նա խուսափում է ծայրահեղություններից։ Չի պառկում բազմոցին, բայց և մեկումեջ չի երևում ու արագորեն չքվում` անընդհատ ինչ-որ բաներով զբաղված լինելով։ Նա ինքն է կարգավորում իր ծանրաբեռնվածությունները և դրանով իսկ համապատասխան տեմպ հաղորդում իրեն շրջապատող հանգամանքներին։ Իսկական կինն այնպես է ապրում, որպեսզի անի այն, ինչ ցանկանում է, և, ընդ որում, չկորցնելով կյանքի համը։ Նրա գործողություններում ամենագլխավորը ոչ թե ժամանակի միավորի ընթացքում կատարվող մարմնական շարժումներն են, այլ հաշվարկի ճշգրտությունը և գիտակցումը, թե ինքն ինչ է անում և ինչի համար։

4. Իսկական կինն իր մոտ առաջին տեղում է։ Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ նա եսասեր է, անզգա է, անտարբեր է կամ ցինիկ։ Պարզապես նա գիտի, որ ուրիշ մարդկանցով զբաղվելու չափազանց մեծ ցանկության տակ թաքնվում է իր սեփական կյանքով ապրելու վախը։ Իսկական կնոջ համար իր կյանքը հետաքրքիր է։ Նա երբեք չի կորցնում սեփական անձնական տարածության արժեքավորության զգացողությունը։ Ընդսմին, դրանով հանդերձ, նա ընդունակ է աջակցություն դրսևորելու, օգնելու և մասնակցելու այլ մարդկանց կյանքում։ Նա չի ասում «այո», եթե նրա սիրտն ասում է «ոչ»։ Եվ միշտ լսում է իրեն ու վստահում է իր զգացումներին։

5. Իսկական կնոջը «հասարակական կարծիքի համար ստուգարքի գրքույկ» պետք չէ։ Այդ գրքույկը` ծնողների, ուսուցիչների, հարևանների, ազգականների, ընկերների ու գործընկերների համար, ամեն մի աղջնակ ստանում է դեռևս մանկության ժամանակ։ Եվ աղջիկներն իրենց ամբողջ կյանքը նվիրում են այդ գրքույկով քննությունները հանձնելուն։ Իսկական կինը դեն է նետել այդ գրքույկը։ Թող ուրիշները նշումներ անեն համապատասխան բաժիններում` ամուսնացած է - ամուսնացած չէ, նորմալ է - նորմալ չէ, մենակ է - մենակ չէ, ինչպես բոլորի մոտ է - ինչպես բոլորի մոտ չէ… Իսկական կինը սեփական ուղենիշներով է ապրում, ինքն է դրանք ստեղծում և ինքն էլ միս ու արյուն է տալիս դրանց։ Եվ եթե դրանք ուրիշների ստանդարտներին նման չեն, ապա դա նրան այնքան էլ չի հուզում։ Նա ուրիշներին թույլ է տալիս, որ իրեն գնահատեն այնպես, ինչպես ուզում են։ Գիտի, որ «բոլորին դուր գալու» առաքելությունը հիմար և անիրագործելի բան է։ Իսկական կինն աշխատում է իր վրա, բայց երբեք դա չի անում այն բանի համար, որպեսզի ինչ-որ մեկի հավանությանն արժանանա։ Նա դա անում է իր հանդեպ սիրուց ելնելով։

6. Իսկական կինն աճելով վեր է բարձրանում է իր «լավ աղջիկ» կերպարից։ Լավ աղջիկը մեր ծնողների դաստիարակածն է։ Նա մեկ խնդիր ունի` դուր գալ շրջապատողներին, նրանց հավանությանն արժանանալ։ Դուր գալ նույնիսկ այն ժամանակ, երբ սեփական ցանկություններդ բողոքում են։ Լավ աղջիկն ապրում է «Ես պարտավոր եմ, ես պետք է…» կամ «Ես չպետք է…» սկզբունքով։ Նա հազվադեպ է իրեն հարցնում, թե ինքն իրականում ինչ է ցանկանում։ Իսկական կինը հեռացել է իր «լավ աղջիկ» կերպարից, միաժամանակ հրաժարվելով հավանություն կամ գովեստ ստանալու մշտական ձգտումից։ Դա չի նշանակում, թե նրա համար միևնույնն է, թե իրեն ինչպես են գնահատում։ Պարզապես նա ոչ մեկին ոչինչ չի ապացուցում՝ մանավանդ  իրեն տուժեցնելու գնով։ Իսկական կինը ներողամտորեն է վերաբերվում իր այն գծերին, որոնք ընդունված է թերություններ կոչել (իսկ ով չունի դրանցից)։ Նա տեսնում է իր այդ գծերը, բայց չի դրամատիզացնում։ Չի թաքցնում դրանք, բայց և ցուցադրության առարկա չի դարձնում։

7. Իսկական կինը չի հաղթահարում խոչընդոտները, այլ շրջանցում է դրանք։ Մաչտնչելը ռազմիկների գործն է։ Իսկական կինը երբեք սուպերհերոսի դեր չի խաղում։ Իր նպատակի ճանապարհին խոչընդոտների հանդիպելով, նա չի փորձի ճակատի ուժով ջարդել դրանք, այլ կնայի, թե հնարավոր չէ՞ արդյոք դրանք շրջանցել կամ օգտագործել որպես տրամպլին։ Իսկական կինը ոչ թե ուժի վրա է հենվում, այլ ճկունության։ Խոչընդոտը նրա համար ոչ թե թշնամի է, այլ ռեբուս, որը հարկավոր է լուծել։ Նա գիտի, որ ամեն մի իրավիճակ ոչ միայն բարդ, այլ նաև հեշտ լուծում ունի։ Եվ տիրապետում է իր գործողությունների համար ճիշտ վայր ու ճիշտ ժամանակ ընտրելու արվեստին։

8. Իսկական կինը «Որքա~ն ծանր է իմ կյանքը» թեմայով դրամա չի խաղարկում։ Նրան նայելով չես ասի, թե նա գոյատևելով է զբաղված. գիշեր ու ցերեկ դրամ է վաստակում, լվացք է անում, մաքրում է, հավաքում, խնամում է ամուսնուն ու երեխաներին։ Երբեք չես մտածի, թե նա բնակարանը վերանորոգելով կամ ամառանոց կառուցելով ուժասպառ է եղել։ Նույնիսկ իսկապես մեծ ծանրաբեռնվածության տակ լինելիս իսկական կինը ժամանակ է գտնում, որպեսզի վերականգնվի և լավ տեսք ունենա։ Նա իրեն զոհի տեղ չի դնում, որովհետև գիտի` հանգամանքները բարդ են ոչ թե ինքնին, այլ դրանց նկատմամբ մեր վերաբերմունքի պատճառով։ «Բեռ քաշող ձի»-ն հոգու դիագնոզ է, այլ ոչ թե հանգամանքների ազդեցություն։ Կինը կարող է «բեռ քաշող ձի» լինել որտեղ ուզես և երբ ուզես, անկախ այն բանից` արդյոք նա ծանրաբեռնված է շատ աշխատանքով ու բազմաթիվ երեխաներո՞վ, թե՞ լրիվ ազատ է դրանից։

9. Իսկական կնոջ համար մենակությունը նվեր է։ Իր մենակության ժամանակահատվածները, եթե դրանք լինում են, իսկական կինը գնահատում և սիրում է։ Նա չի ձգտում իր կյանքի մեջ ներքաշել պատահական ծանոթների և տղամարդկանց, միայն թե ինքն իր հետ մենակ չմնա։ Ինքն իր հետ լինելը բարիք է։
Դա լավագույն ժամանակն է վերկանգնվելու, իր կյանքը հանգստությամբ ու խորությամբ լցնելու համար։ Իսկական կինը հետաքրքիր է ինքն իր համար և նա մենակությունից հաճույքով է օգտվում։

10. Նա սիրում է իր տարիքը։ Միշտ։ Իսկական կինն իր ներկա, իրական տարիքում է ապրում ` օգտվելով այդ տարիքի բոլոր առավելություններից։ Նա իրեն պատմություններ չի պատմում այն մասին, որ այդ տարիքում ինչ-որ բանի համար «արդեն ուշ է» կամ «դեռ շուտ է»։ Այդ փիլիսոփայությունը արդարացում է նրանց համար, ովքեր տարիներն օգտագործում են իրենց վախերը կամ ներքին արգելքները քողարկելու համար։ Իսկական կնոջն ամեն ինչ կարելի է և այն էլ` ցանկացած տարիքում։ Այդ պատճառով էլ նա չի ափսոսում և չի ափսոսալու այն կապակցությամբ, որ ինքն ինչ-որ բան չի հասցրել։ Դա չի նշանակում, որ նա չի հետևում իրեն և չի ձգտում լավ տեսք ունենալու։ Պարզապես նա չի «ջահելանում» և իրեն չի «ներկայացնում» այնպիսին, ինչպիսին եղել է 20 տարի առաջ։ Իսկական կինը գիտի. ցանկացած տարիք ունի իր գեղեցկությունը, սեքսուալությունը և հմայքը։



Комментариев нет: