28 мар. 2012 г.

ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑ

<<Նախանձելի>> հոնորարը

Արթուրո Տոսկանիին և Պիետրո Մասկանյիին հրավիրում են մասնակցելու Վերդիի հիշատակին նվիրված մեծ փառատոնին: Մասկանյին, ով նախանձում էր Տոսկանինիի մեծ փառքին, ընդունում է հրավերն այն պայմանով, որ իր հոնորարը ավելի շատ լինի:
- Թեկուզ մեկ լիրայով, - ասում է Մասկանյին:
Փառատոնի կազմակերպիչները համաձայնվում են:
Ստանալով հոնորարը` Մասկանյին զարմանքով տեսնում է, որ
իրեն տվել են ընդամենը … մեկ լիրա: Տոսկանինին համաձայնվել էր անվճար:

<<Ի՜նչ հիանալի ռոմանսներ են…>>

Հայտնի երգահան Դմիտրի Յակովլևիչ Պոկրասը պատմում է.
- Հիշում եմ, ես ու եղբայրս` Դանիելը դեռ պատանի էինք, որ մի քանի ռոմանս գրեցինք և տարանք նոտաների խանութ: Գրավաճառը լսեց ռոմանսները և թոթովեց ուսերը` ոչ այն է հավանեց, ոչ այն է` չհավանեց…
Այդ պահին մի կին մտավ խանութ, նայելով նոտաները, ասաց.
- Ի՜նչ հիանալի ռոմանսներ են…
Նոտաները մեզանից գնեցին: Այդ կինը… մեր մայրն էր: Նա մեզ պես տասներկուսն ուներ…

Թվաբանությունից <<երկու>>

Մի երեկույթի ժամանակ հանդիպում են Ալբերտ Էյնշտեյն ու Հանս Էյսլերը: Տանտիրուհին իմանալով, որ Էյնշտեյնը ջութակ նվագել գիտի, խնդրում է որևէ բան նվագել, իսկ Էյսլերին` դաշնամուրով նվագակցել:
Կոմպոզիտորը մի քանի անգամ սկսում է նախանվագը, այնինչ Էյնշտեյնը ոչ մի կերպ չի ընկնում տակտի մեջ: Միասին սկսելու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության: Ծածկելով դաշնամուրի կափարիչը` Էյսլերը կատակով ասում է.
- Չեմ հասկանում, թե ամբողջ աշխարհն ինչո՞ւ է մեծություն համարում մի մարդու, ով մինչև երեքը չի կարողանում հաշվել:

<<Տարօրինակ համերգ>>

Ռումինացի հռչակավոր կոմպոզիտոր և ջութակահար Ջորջե Էնեսկուն նաև լավ դաշնակահար էր: Երբ Էնեսկուն ապրում էր Փարիզում, մի անգամ իր ծանոթ, ոմն ջութակահար խնդրում է նվագակցել իր համերգին: Փոքր-ինչ տատանվելուց հետո Էնեսկուն համաձայնվում է: Համերգի գնալիս հանդիպում է իր բարեկամ, հայտնի դաշնակահար Գիզեկինգին: Էնեսկուն ծիծաղելով նրան պատմում է այդ մասին և անսպասելիորեն առաջարկում.
- Լսիր, իսկ ինչո՞ւ դու էլ չգաս ինձ հետ:
- Հետաքրքիր է, իսկ ես ի՞նչ պետք է անեմ այնտեղ:
- Դե, թեկուզ իմ նոտաները թերթես:
Բարեկամները միասին գնում են համերգի: Հետևյալ օրը լրագրում տպագրվում է գրախոսական. <<Երեկ տեղի ունեցավ տարօրինակ համերգ: Նա, ով պետք է ջութակ նվագեր, դաշնամուր էր նվագում, ով պետք է դաշնամուր նվագեր` նոտաներ էր թերթում, իսկ ով պետք է նոտաներ թերթեր, չգիտես ինչու ջութակ էր նվագում>>:


Комментариев нет: